Արցախյան 44-օրյա պատերազմում հայրենիքի պաշտպանության համար իր կյանքն է նվիրել ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության «Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի» ուսանող Հովհաննես Գրիգորյանը։ Նա Շիրակի մարզի Սառնաղբյուր գյուղից էր։ Ներկայացնում ենք հերոսի մոր՝ Անժիկ Խաչատրյանի հուշերը։
«Ախր Հովիկիս մեծանալը ե՞րբ տեսա։ Չար երեխա էր, բոլորը երես էին տալիս։ Մանկության ամենավառ հուշերից քույր-եղբոր կռվի ժամանակ ջարդված ճկույթը մնաց։ Սիրում էր ծառայողական գործը․ կամ ոստիկան պիտի դառնար, կամ փրկարար։ Ասացի՝ Հովի՛կ ջան, տես՝ աշխարհում ինչ է կատարվում, ոստիկանի գործը շատ պատասխանատու է․ վախենում եմ։ Փրկարարությունն ընտրեց, երազում էր բարձր պաշտոնի հասնել», — պատմում է տիկին Անժիկը։
2019 թվականի հունվարի 18-ին զորակոչվել էր Հայոց բանակ։ Վիճակահանությամբ 6 ամսով տեղափոխել էին Գյումրիի հակատանկային հրետանային ուսումնական զորամաս, դրանից հետո ծառայությունը շարունակելու էր Արցախում՝ Ջրականում (Ջեբրայիլ)։ Մայրն այնքան էր ուրախացել, որ որդին տանը մոտ է լինելու, բայց երբ քարտեզի վրա գտավ Ջրականի տեղը, մի ներքին անհանգստություն մտավ մեջը։ Հովհաննեսը ծառայությունից գոհ էր, սիրում էր նոր քաղաքը։ Արդեն ավագ  սերժանտի կոչում ուներ։
Պատերազմի օրերին անընդհատ զանգում ու ուրախ ձայնով գոտեպնդում էր ծնողներին․ «Մամա՛, գիտե՞ս՝ երեք հատ տանկ եմ խփել․․․ մամա՛, դիվերսիոն ահաբեկիչ եմ խփել․․․ մա՛մ, մեր սարքած խրամատն իմ ձեռքով «զարկեցի», փլուզեցի․ ափսոս էր, մարտ ամսից սարքել էինք»։ Թվում էր, թե սահմանից եկող լուրերը կեղծ են, ուռճեցված, ոչ մի լուրջ բան չկար։ Սակայն հոկտեմբերի 2-ին՝ հոր եւ քեռու հետ վերջին խոսակցության ժամանակ, Հովհաննեսը հարցրել էր, թե երբ է պատերազմը վերջանալու։ Դրանից հետո կապը կորել էր։
11 ամիս երկարուձիգ որոնումներից հետո միայն հնարավոր եղավ նույնականացնել զոհված որդու աճյունը։ Նա այդպես էլ չիմացավ, որ ավագ քույրը դուստր ունեցավ ու շարունակեց ուսումը՝ «մի երեխեն՝ գրկին, մյուսը՝ օրորոցում», որ իր պահած ցուլն  իր հիշատակի համար մորթեցին, որ հայրը՝ Սերոբը, արդեն ավազ է լցրել այգու այն տեղում, որտեղ լինելու է իր երազած զրուցարանը, որ ընկերները հաճախ այցելում են իրենց տուն, իսկ տիկին Անժիկն ամենքի մեջ փնտրում է իրեն։
Խելացի, թասիբով, գյուղատնտեսական բիզնեսի ձիրքով, պարտաճանաչ՝ այսպես են բնորոշում Հովհաննեսին ճանաչողները։ Եթե մեկին մի բան էր խոստանում, լիներ իր քնի թե հանգստի հաշվին, պիտի կատարեր։ «Հովիկն իմ խիղճն էր։ Նա տեսնում էր կենցաղում ու կյանքում կրած իմ տանջանքը․ շատ էր գնահատում։ Ինչ նպատակ էլ դներ՝ առաջինն ինձ հետ էր կիսվում։ Միակ բանը, որի համար աղոթում էի, որդուս գտնելն էր՝ ինչ վիճակում էլ լինի։ Միայն թե օտար հողում չմնա, թշնամու ոտքերի տակ։ 11 ամսվա ընթացքում հաշտվեցինք ճակատագրի հետ, նա մեզ ստիպեց շարունակել ապրել», — անկեղծանում է մայրը։

Փառք ու խոնարհում քեզ, հերո՛ս։

Անի ԱՆՏՈՆՅԱՆ
Լուսանկարները տրամադրել են հարազատները

Հ.Գ. Արցախյան 44-օրյա պատերազմում նահատակված ՃԿՊԱ այլ ուսանողների մասին կարդացեք.

Հրաչյա Արզումանյան, Վանիկ Խաչատրյան, Տիգրան Սիմոնյան

Նարեկ Ասրյան, Ժորա Առաքելյան

Գոռ Ղարաջյան, Գեւորգ Մուրադյան

Էրիկ Սահակյան, Տիգրանը Սիմոնյան

Վահե Մելիքյան

Դավիթ Համբարձումյան

Հայկ Արշակյան

Տիգրան Վարդանյան

Գնել Աղաջանյան