Արցախյան 44-օրյա պատերազմից անցել է ավելի քան մեկ տարի։ Հազարավորները, այդ թվում՝ Արտակարգ իրավիճակների նախարարության «Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի» 16 սան, չխնայեցին իրենց կյանքը, որ մենք շարունակենք ապրել ու արարել։ Փառք ու խոնարհում ձեզ, տղանե՛ր։

Գնել Աղաջանյան․ Կյանքի գնով ընկերներին փրկած զինվորը

(պատմում է եղբոր կինը՝ Արեւ Աբրահամյանը)

Ծնունդով Գեղարքունիքի մարզի Դրախտիկ գյուղից Գնելն ապրիլյան պատերազմից տուն դառնալուց հետո հստակ որոշեց՝ իրեն հայրենիքի պաշտպանության գործին է նվիրելու։ Աչքի առջեւ իրենից վեց տարով մեծ եղբոր օրինակն էր, ուզում էր խիզախությամբ նրան նմանվել։ 2018 թվականից ծառայում էր Հայոց բանակում, զուգահեռ սովորում «Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում»։ «Պատերազմի հաջորդ օրը Ճամբարակի դիրքեր տարան, հետո Քարվաճառ։ Մեկ-երկու օրով տանն էր լինում, բայց ոչինչ չէր պատմում։ Եղբայրն Արցախի թեժ կետերում էր, անհանգստանում էր։ Դրա հետ մեկտեղ՝ փորձում էր ընտանիքի անդամներիս տրամադրությունը բարձրացնել, ասում էր՝ մի՛ տխրեք, ամեն ինչ կվերջանա, բոլորս տուն կգանք»,- վերհիշում է Արեւը։

Նոյեմբերի 6-ի գիշերը կրկին Արցախ պիտի գնար։ Չկարողացավ ծնողներից թաքցնել՝ Շուշին էր ուղղությունը։ Երկու օր անց զանգահարեց հորն ու կնոջը, վստահեցրեց, որ լավ է։ Նրա հետ այլեւս կապի դուրս գալ չհաջողվեց։ Ականատեսները պատմում են, որ Գնելն իր մարմնով է պաշտպանել շրջափակման մեջ հայտնված ընկերներին, որոնք փորձել են նահանջել։ Նա մենակ կռվել է թշնամու դեմ մինչեւ վերջին շունչը։

Ժպտերես, մաքրասեր, կոկիկ, անկեղծ, հոգատար՝ այսպիսին են բոլորը ճանաչում Գնելին։ Արեւը ժպիտով հիշում է՝ նրա օծանելիքի բույրից կարելի էր կռահել՝ որ կողմն է գնացել։ Որքան էլ զայրացած լիներ, տուն էր մտնում դեմքի անհոգ արտահայտությամբ։ Եղբոր զավակներին միշտ երես էր տալիս, հատկապես՝ փոքրիկ Նարեկին, որն իր ճանապարհի ընկերն էր։ Հերիք է՝ մեկի մի տեղը ցավեր, անմիջապես բժշկի էր տանում։

Պատերազմի սկսվելուց 4 օր առաջ էր ամուսնացել։ Դեռ դպրոցական տարիքից էր «աչքի տակ առել» այդ աղջնակին։ Որոշել էին շատ երեխաներ ունենալ, մեծ տուն՝ մեծ քաղաքում։

«Գնելը սիրում էր իր աշխատանքը, իր հայրենիքը, վստահ էր՝ եթե իր պես մարդիկ չգնան, պատերազմը չի ավարտվելու։ Ուզում էր, որ հաջորդ սերունդն այս ծանրությունը չտեսնի»,- ամփոփում է Արեւը։

Անի ԱՆՏՈՆՅԱՆ

Լուսանկարները տրամադրել են հարազատները

Հ.Գ. Արցախյան 44-օրյա պատերազմում նահատակված ՃԿՊԱ այլ ուսանողների մասին կարդացեք.

Հրաչյա Արզումանյան, Վանիկ Խաչատրյան, Տիգրան Սիմոնյան

Նարեկ Ասրյան, Ժորա Առաքելյան

Գոռ Ղարաջյան, Գեւորգ Մուրադյան

Էրիկ Սահակյան, Տիգրանը Սիմոնյան

Վահե Մելիքյան

Դավիթ Համբարձումյան

Հայկ Արշակյան

Տիգրան Վարդանյան