Հայրենիքի պաշտպանության համար հոկտեմբերի 20-ին իր կյանքը նվիրաբերեց Արտակարգ իրավիճակների նախարարության Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի շրջանավարտ Հայկ Արշակյանը։ Արթիկցի երիտասարդը 28 տարեկան էր, 2015 թվականին ավարտել էր ակադեմիայի «Ճգնաժամային կառավարում» բաժինը։ 2019 թվականից աշխատում էր Հատուկ նշանակության զորքերում՝ որպես ջոկատի հրամանատար։

Նրա կյանքի ու նպատակների մասին պատմում է կուրսընկերը՝ Վալոդյա Սուքիասյանը։

«Մենք երեք ընկեր էինք՝ ես, Հայկն ու Վահեն։ Բոլորիս միջից ամենալավ սովորողն էր։ Զարմանում էր՝ ինչպես կարելի է նույն բանը մարդուն մի քանի անգամ բացատրել։ Միշտ ուրախ էր, միաժամանակ ՝ զուսպ, լուրջ։ Լավ խորհրդատու էր բոլորի համար։ Հիշում եմ՝ մեր ռեկտորը միշտ ասում էր, որ փրկարարը մասնագիտություն չէ, այլ մարդու տեսակ։ Նա հենց այդպիսին էր, շատ էր ուզում փրկարարական ջոկատում աշխատել, բայց հանգամանքների բերումով հատուկջոկատային դարձավ։ Պատմում էր, թե ինչպես է իր անփորձ նորակոչիկների փոխարեն վարժանքների ժամանակ թաքուն կրակում, որ վերջիններս «չկտրվեն»։

Աշխատանքում շնորհակալագրեր ու մեդալներ էր վաստակել։ Սեպտեմբերի 27-ից իր ջոկատի հետ սահմանում էր։ Ամեն հակառակորդի խոցելիս մոտը փամփուշտ էր պահում ու գիշերային հերթապահության ժամանակ տղաներին կատակով հանգստացնում, որ թշնամին իրենից վախենում է։ Մի քանի կարեւոր մարտական խնդիր էին կատարել։ Վերջին հատուկ խնդրից առաջ, երբ հաշվարկել էին կյանքի հնարավոր ռիսկերը, Հայկն ասել էր, որ վախենալ պետք չէ․ «Նույն թուրքն է․ եթե մենք առաջ չգնանք, նա է գալու»։ Ոտքի շրջանում վիրավորվել էր, բայց իր սիրելի Գրիգոր Ամատունու սովորեցրածով ինքն իրեն լարան էր դրել ու շարունակել կռիվը։

Զոհվելուց երկու օր առաջ հանդիպեցինք։ Կարճ ժամանակով Երեւան էր եկել՝ պանթեոնում իր հրամանատարին՝ գնդապետ Վահագն Ասատրյանին հրաժեշտ տալու։ Ոստիկաններին խնդրել էր թափորներով ծանրաբեռնված ճանապարհին իր համար տեղ բացեն, որ շուտ վերադառնա զինվորների մոտ։

Շատ նպատակներ ուներ, պատրաստվում էր ընտանիք կազմել։ Բոլորիս ասում էր․ «Սպասե՛ք, գալու եմ, քեֆ անենք»։ Երանի հնարավոր լիներ նորից լսել, թե նա ինչպես է դաշնամուր նվագում»։

Հավերժ փառք բոլոր հերոսներին։

Ավելի վաղ արցախա-ադրբեջանական սահմանին նահատակվել են ՃԿՊԱ ուսանողներ Գեւորգ Մուրադյանը, Գոռ Ղարաջյանը,իսկ դրանից առաջ՝ Էրիկ Սահակյանն ու Տիգրանը Սիմոնյանը։