Արցախյան երկրորդ պատերազմում հայրենիքի պաշտպանությանն իր կյանքն է նվիրել ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի շրջանավարտ Տիգրան Վարդանյանը։

Տիգրանը Արմավիրի մարզի Մյասնիկյան գյուղից էր, 2012 թվականին ընդունվել էր ակադեմիայի «Քաղաքացիական պաշտպանություն» բաժին։ Ընկերը՝ Վահե Գեւորգյանը, վերհիշում է, թե ինչպես է ընդունելության քննության օրվա պատահական ծանոթությունը վերաճել իսկական ամուր ընկերության։ Չնայած հասակակիցներ էին, բայց Տիգրանն ավագ ընկեր էր՝ իր իմաստուն խորհուրդներով, մանրուքները նկատելու տաղանդով։ «Չէր սիրում անհանդուրժողականություն ու անհավասարություն։ Դասից փախչելու մասին միշտ ասում էր․ «Ուսման համար վճարում եք, չէ՞։ Ի՞նչ իմաստ ունի դասի չնստելը։ Ոնց որ խանութի դրամարկղում վճարես ու ապրանքը չվերցնես»։ Կյանքում հստակություն էր սիրում․ ուզում էր տան հետ կապված որոշ գործեր ավարտել ու ամուսնանալ։ Դրական էր, եռանդուն, զգացմունքային։ Սիրում էր գրել, սիրում էր իր այգու ծիրանի ծառերը»,- պատմում է Վահեն։

Տիգրանը զինվորագրվել էր պատերազմի առաջին օրվանից։ Ստեփանակերտում վերապատրաստում անցնելուց հետո նշանակվել էր «Կորնետ» հակատանկային հրթիռային համալիրի հրամանատար։ Իր վերջին մարտը վարել էր Հադրութում եւ զոհվել։

Վահեի խոսքով՝ երկաթուղու անցակետում աշխատող Տիգրանն իր համառությամբ հասել էր նրան, որ զինկոմիսարիատը վերանայի զինգրքույկում նշված առողջական խնդիրը, եւ պատերազմի ավարտից հետո նա վերջապես կարողանա աշխատել իր սիրելի մասնագիտությամբ՝ հրշեջ-փրկարարական ջոկատում։

Հազար փառք ու խոնարհում։