Դեկտեմբերի 6-ին՝ Սպիտակի երկրաշարժի 33-րդ տարելիցին ընդառաջ, ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության «Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում» կայացավ ֆրանսահայ ռեժիսորներ Սերժ Ավեդիքյանի եւ Լեւոն Մինասյանի՝ «Հավերժական լույս» (Lux aeterna) ու «Ցնցված հող» (Terra emota) ֆիլմերի ցուցադրությունը: Դրան հաջորդեց առցանց քննարկում Սերժ Ավեդիքյանի հետ: Նախաձեռնության հեղինակը ԱԻՆ www.911tert.am եւ ՃԿՊԱ www.cmsa.am կայքերի լրագրող Անի Անտոնյանն էր:

Բազմաթիվ մրցանակների արժանացած այս ֆիլմերը ներկայացնում են գյումրեցիների կյանքը երկրաշարժից անմիջապես հետո եւ տասը տարի անց:

«Պետք է հասկանալ՝ ինչ է նշանակում երկրաշարժ, երբ կորցնում ես կյանքում կարեւորը՝ քո հենարանը: Ֆիլմերի նպատակն էր ցույց տալ երկրաշարժի ողջ ողբերգությունը, այն, թե որքան կարող է բնությունը հեռու գնալ»,- նշեց ռեժիսորը:

Խոսելով մերօրյա Գյումրիի մասին՝ Սերժ Ավեդիքյանը հավելեց, որ գյումրեցիները հատուկ ճակատագիր ունեն. մի քաղաք, որ 1929 թվականից չորս անգամ անվանափոխվել է, երկու մեծ երկրաշարժ է տեսել, ունի իր յուրօրինակ հումորն ու մարդկային կոլորիտը, միանշանակ շարունակելու է վերաստեղծվել, ապրել նորովի:

Ի պատասխան հարցերին, թե ինչու ֆիլմերը հասանելի չեն լայն լսարանի համար, եւ որքանով է արդարացված դրանց «համր» լինելը՝ ռեժիսորը բացատրեց, որ կարճամետրաժ ֆիլմերը հեռուստատեսության համար չեն, դրանք իրենց կյանքն ապրում են փառատոններում, քանի որ դուրս են դասական կինոյի չափանիշներից: «Հավերժական լույս» եւ «Ցնցված հող» ֆիլմերում պատկերն ու ձայները՝ երաժշտությունն ու աղմուկը, առանցքային են. արվեստագետի խոսքով՝ կինոյի լիրիկան հենց դրանց միաձուլման մեջ է, եւ հաճախ բառերն ավելորդ են: Երբ հանդիսատեսը կանգնում է կինոարվեստի առաջ, նա պարզապես պիտի ազատություն տա իր զգացմունքներին, ապա սկսի տրամաբանել:

ՃԿՊԱ արտակարգ իրավիճակների եւ ճգնաժամային կառավարման ֆակուլտետի դեկան Գրիշա Գսպոյանը նկատեց, որ ներկայիս Գյումրին, որը ոչ միայն հաղթահարել է արհավիրքը, այլեւ օրեցօր մշակութային վերելք է ապրում, կրկին կարող է արժանանալ վավերագրողի ուշադրությանը եւ շարքի երրորդ ֆիլմը դառնալ: Ռեժիսորն ասաց, որ նման միտք արդեն կա:

ՃԿՊԱ գիտահետազոտական կենտրոնի պետ Սաթենիկ Բակունցի խոսքով՝ ռեժիսորի ֆիլմերի մեծ մասը դրամատիկ բնույթի են եւ արտացոլում են հայոց պատմության ցավոտ էջերը: Սպասվու՞մ են արդյոք ավելի ուրախ ֆիլմեր: «Թատրոնում ես հիմնականում կատակերգական դերեր եմ խաղում: Ընդհանուր առմամբ՝ հումորը դրամատուրգիային զուգահեռ է զարգանում: Մեր՝ հայերիս էմոցիոնալ սրտի աշխատանքը երբեք ուղիղ չի կարող լինել: Մեզ մնում է պայքարել ու չկորցնել լավատեսությունը: Աղետների մասին միշտ պետք է խոսել: Նոր տեխնոլոգիաների այս դարում մարդը կարծում է, թե ազատ է, այնինչ կյանքը ցույց է տալիս, որ մարդը չի կարող ապրել առանց մարդու, եւ արհավիրքի ժամանակ այդ փոխօգնությունը առավել կարեւոր է»,- ամփոփեց Սերժ Ավեդիքյանը:

Անի ԱնՏՈՆՅԱՆ

Լուսանկարները՝ Վահրամ ԱՎՈՅԱՆԻ