Եվրոպական Միության «Արեւելյան գործընկերություն» նախաձեռնության շրջանակներում իրականացվող «Տեխնածին եւ տարերային աղետների կանխարգելում, պատրաստվածություն եւ արձագանքում արեւելյան տարածքում» ծրագրի (Prevention, Preparedness and Response to natural and man-made disasters in Eastern Partnership countries` PPRD East) 3-րդ փուլի շրջանակում  նոյեմբերի 5-ին ՀՀ ԱԻՆ «Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում» անցկացվեց տեխնիկական-խորհրդատվական առցանց հանդիպում, որը նախաձեռնել էին Ֆինլանդիայի արտակարգ իրավիճակների ակադեմիայի (ESAF ) կրթության բաժնի ներկայացուցիչներ Լաուրա Հոքենենը, Տերո Լադեսմակին եւ Սինի Կուսելան: Ներկա էին ՃԿՊԱ պրոռեկտորներ, փ/ծ գնդապետ Գեւորգ Հովակիմյանը, Հայկուհի Ղարիբյանն ու ղեկավար կազմի որակավորման բարձրացման ֆակուլտետի դեկան Դավիթ Թադեւոսյանը:

ESAF-ի կրթության բաժնի ղեկավար, PPRD East 3 ծրագրի ուսուցման պլանավորման եւ զարգացման հարցերով պատասխանատու Լաուրա Հոքենենի խոսքով՝ հրահանգիչների վերապատրաստման թեմայով ԱԻՆ մասնագետների հետ առաջին հանդիպումն անցել է արդյունավետ, կազմվել է հաշվետվություն Հայաստանի քաղաքացիական պաշտպանության ոլորտի վերաբերյալ: Ֆինլանդացի մասնագետները հետաքրքրվեցին նաեւ այս հարցում ՃԿՊԱ-ի դերակատարությամբ:

Պրոռեկտոր, փ/ծ գնդապետ Գեւորգ Հովակիմյանը խոսեց քաղաքացիական պաշտպանության ոլորտում մասնագիտական կրթություն իրականացնող կառույցներից, դպրոցական, բուհական դասագրքերից ու մեթոդներից, ՃԿՊԱ-ում ընդունելության ընթացակարգից, փրկարարների եւ մանկավարժների վերապատրաստման հնարավորություններից եւ այլն: Արտերկրյա մասնագետներին գոհացրեց ակադեմիայի IT լաբորատորիայում ուսանողների ներգրավվածության փաստը, ՃԿՊԱ-ում միջազգային գիտաժողովների կազմակերպումը, ՔՊ ոլորտում մյուս բուհերի հետ ակտիվ համագործակցությունը:

Երկու երկրների հետագա կապերի զարգացման համար ՃԿՊԱ ներկայացուցիչներն առաջարկեցին դիտարկել ուսանողների ու դասախոսների փոխանակման ծրագրեր, այդ թվում՝ ֆին բազմափորձ մասնագետների կողմից հայ մագիստրոսների թեզերի ղեկավարման հեռանկարը, գիտական ամսագրում համատեղ հոդվածների հրատարակումը եւ այլն:

Ֆին բանախոսները նշեցին, որ առաջիկայում արդեն իսկ նախատեսված են հրահանգիչների վերապատրաստման դասընթացներ: ՔՊ ուսուցման կազմակերպումն ավելի արդյունավետ դարձնելու համար առանձին դասընթացներ կկազմակերպվեն Եվրամիության երկրներում ՔՊ ուսուցման փորձի, կամավորական շարժման, վարժահրապարակների կահավորման եւ այլ հարցերի վերաբերյալ:

Անի ԱՆՏՈՆՅԱՆ

Լուսանկարը՝ Վահրամ ԱՎՈՅԱՆԻ