Սեպտեմբերի 28-ին Արտակարգ իրավիճակների նախարարության «Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի» շրջանավարտ, այժմ արդեն դասախոս, ուժային եռամարտի աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոն, Գինեսի ռեկորդակիր Յուրի Սաքունցը Գյումրիում սահմանեց հերթական ռեկորդը՝ նվիրելով իր հայրիկի՝ Խորհրդային միության ըմբշամարտի կրկնակի չեմպիոն, Հայաստանի քառակի չեմպիոն, միջազգային կարգի սպորտի վարպետ, երջանկահիշատակ Նիկոլայ Սաքունցի ծննդյան օրվան։

Երիտասարդ մարզիկը ճկույթ մատով 12 մետր տեղաշարժեց 11 տոննա ընդհանուր կշռով չորս մեքենա։ «Հայրս եղել է իմ մարզիչը։ Նրանից կարգապահություն ու ճշտախոսություն եմ սովորել, մա՛րդ լինել եմ սովորել։ Երեք որդի է դաստիարակել ու կյանքի ճիշտ ուղի ցույց տվել։ Ռեկորդի համար Գյումրիի ընտրությունը պատահական էր, ներկա էին արտերկրացի զբոսաշրջիկներ, որոնք ոգեւորեցին ինձ ու ուրախացան»,- նշում է Յուրին։

Գերմանական Ruptly վիդեոգործակալությունը հատուկ կապվել էր հայ մարզիկի հետ, ինչից հետո օպերատոր էր ժամանել Հայաստան եւ տեղում կատարել պրոֆեսիոնալ նկարահանում։ Յուրիի խոսքով՝ նախատեսել էր ռեկորդը սահմանել Գյումրիի հրապարակում, սակայն հետո որոշվել է միջոցառումն անցկացնել Սեւ բերդ հուշարձանի մոտակայքում։ «Սպորտային միջոցառումները ոգեշնչում են մարդկանց, մեր երկիրը տեսանելի դարձնում աշխարհին։ Պետք է այս հարցում վերանայենք մեր վերաբերմունքը»,-ասում է Գինեսի ռեկորդակիրը։

Անի ԱՆՏՈՆՅԱՆ

Լուսանկարները տրամադրել է Յուրի Սաքունցը

Հ.Գ. Յուրի Սաքունցի մարզական այլ հաջողությունների մասին կարդացեք այստեղ