Մարտի 9-ից ապրիլի 2-ն անցկացվելու է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի Արտակարգ իրավիճակների եւ ճգնաժամային կառավարման ֆակուլտետի առկա եւ հեռակա ուսուցման բակալավրիատի ավարտական կուրսերի արտադրական պրակտիկա: Հեռակա ուսուցման 5-րդ կուրսի ուսանողների զգալի մասը՝ 104 հոգի, աշխատում է ԱԻՆ եւ այլ ուժային կառույցների տարբեր ստորաբաժանումներում, ուստի նրանց պրակտիկան կանցնի ԱԻՆ փրկարար ծառայության տարբեր հրշեջ-փրկարարական ջոկատներում: Իսկ առկա ուսուցման համակարգի 69 ուսանողի պրակտիկան կկազմակերպվի տարբեր կառույցներում՝ հրշեջ-փրկարարական ջոկատներ, Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոն, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն, Օպերատիվ կառավարման վարչություն, Բնակչության պաշտպանության վարչություն եւ աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմ, «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն», Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր, Հայկական ատոմակայան, Երեւանի մետրոպոլիտեն, «Զվարթնոց» օդանավակայան: Կլինեն այցեր տարբեր ջրամբարներ եւ սողանքային գոտիներ:

Անցած շաբաթվա վերջին առկա ուսուցման չորրորդ կուրսի ուսանողներն այցելել են «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն», ծանոթացել ՍՊՏԾ ստեղծման պատմությանը, իրականացվող գործառույթներին, ծառայության կողմից լուծվող խնդիրներին, դրանց համար կիրառվող մեթոդներին եւ համակարգչային ծրագրերին։ Դիտարանում գտնվող թունելում նրանք ուսումնասիրել են ստորգետնյա ցնցումները գրանցող գերզգայուն սարքավորումները, ծանոթացել նրանց աշխատանքի հիմունքներին: Շրջել են Սեյսմոերկրաքիմիական անալիտիկ լաբորատորիայում եւ Սեյսմիկ վտանգի գնահատման համալիր վարչության Տվյալների հավաքման եւ օպերատիվ մշակման բաժնում, որտեղ նրանց ներկայացվել է իրականացվող աշխատանքը։