Այսօր ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման պետական ակադեմիա էր այցելել ԱԻՆ փրկարար ծառայության տնօրեն, փ/ծ գնդապետ Արմեն Գասպարյանը: Արմեն Գասպարյանը փ/ծ տնօրեն է նշանակվել այս տարվա մարտի 2-ին, սա նրա առաջին այցն էր ՃԿՊԱ:

Փ/ծ տնօրենը ծանոթացավ ակադեմիայի շենքային պայմաններին, տեխնիկական հագեցվածությանը, գրադարանին, ինչից հետո խորհրդակցություն անցկացրեց բուհի ղեկավարության հետ:

Վերջին մի քանի ամսուրմ ՃԿՊԱ-ում ակտիվ զարգանում է որոնողափրկարարական աշխատանքներում, ռիսկերի շերտավոր (GIS) քարտեզագրման ոլորտում անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) կիրառման գիտա-փորձնական ուղղությունը: Արդեն իրականացվել են մի շարք սցենարներով փորձեր. փոթորիկի ժամանակ վրանի տակ պատսպարված մարդու հայտնաբերում, ջերմամեկուսիչ (հակաշոկային) ծածկոցով փաթաթված մարդու որոնում, անտառում մոլորված մարդու որոնում, ռելիեֆի գույներից չտարբերվող գույների հագուստով մարդու որոնում, տուժածի տեղափոխում գետի մի ափից մյուսը:

Արմեն Գասպարյանի խոսքով, արտակարգ իրավիճակներին արձագանքման, ճգնաժամային կառավարման ոլորտներում ԱԹՍ-ների կիրառումը հեռանկարային է:

Ակադեմիայի ղեկավարությունը մտադիր է ստեղծել ԱԹՍ-ների մշակման ու ծրագրավորման լաբորատորիա, որից հետո ԱԹՍ-ների շահագործման ծրագիրը կներառվի ՃԿՊԱ կրթական ծրագրերում:

Արամ ԶԱՔԱՐՅԱՆ

Լուսանկարները՝ Վահրամ ԱՎՈՅԱՆԻ