«Ֆեյսբուք» սոցիալական կայքում ամիսներ առաջ բացվել է «Մեր հրշեջ-փրկարարները» խումբը,  որը հրշեջներին եւ քաղաքացիներին տրամադրում է բազմակողմանի տեղեկատվություն արտակարգ իրավիճակներում անվտանգության եւ պաշտպանության վերաբերյալ։

Խմբի հիմնադիրը մասնագիտությամբ հեռուստալրագրող, ԱԻՆ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի «Փրկարարական գործ» մասնագիտության ուսանող Էլեն Գեւորգյանն է։ Էլենի խոսքով՝ ի սկզբանե խումբը կրում էր «Երբ կատակում են փրկարարները» խորագիրը, սակայն դիտումների եւ կիսումների վիճակագրությունը ցույց տվեց, որ այս թեման արագ սպառվում է։ Եվ որոշվեց ստեղծել մի մեծ հարթակ, որտեղ քաղաքացին կկարողանա անմիջական շփվել հրշեջ-փրկարարի հետ, ճանաչել նրան, տեղեկանալ վտանգավոր երկրաբանական երեւույթների ու տեխնածին աղետների մասին, սովորել արտակարգ իրավիճակներում առաջնային գործողությունները մինչեւ պրոֆեսիոնալ արձագանքող ուժերի ժամանելը։

Խմբում ներկայացված է մի քանի թեմատիկ բաժին՝ մասնագիտական նյութեր, այդ թվում՝ խոշոր աղետների վերաբերյալ հրապարակումներ եւ բացառիկ կադրեր, որոնք թույլ կտան նորեկ մասնագետներին սովորել փորձառուների օրինակով եւ չկրկնել նույն սխալները, «Մի քանի հարց փրկարարին» հոդվածաշարը, որում հրշեջ-փրկարարները պատմում են իրենց նախասիրությունների, նպատակների մասին, շնորհավորանքներ հրշեջ-փրկարարին ծննդյան օրվա, մասնագիտական ձեռքբերումների առիթով եւ այլն։ «Երկու նոր նախագիծ ունենք։ Անգլերենի ուսուցում՝ օրական 10-20 բառակապակցություն եւ մասնագիտական տերմին, որոնք կօգնեն շփվել օտարերկրացու հետ եւ նրան ցուցաբերել հոգեբանական աջակցություն։ Երկրորդը ֆոտոնախագիծ է, որով ներկայացնելու ենք նույն հրշեջի կերպարն աշխատանքում եւ քաղաքացիական կյանքում՝ ցույց տալով, թե ինչքան լավը նա կարող է լինել այս երկու իրավիճակում»,- նշում է Էլենը։

Խմբի երկրորդ ադմինիստրատորը Վերժինե Հարությունյանն է՝ ՃԿՊԱ «Ճգնաժամային կառավարում» մասնագիտության շրջանավարտ, որը տարուց ավելի աշխատում է Երեւանի թիվ 2 հրշեջ-փրկարարական ջոկատում։ Աղջիկները, չնայած բազմազբաղ առօրյային, միշտ պահում են խմբի ակտիվությունը եւ պատասխանում մասնակիցների բոլոր նամակներին, առաջարկներին։

Հրապարակվող նյութերը, Էլենի խոսքով, միայն հավաստի աղբյուրներից են․ օգտվում են ՃԿՊԱ գրադարանից եւ ոլորտի փորձառու մասնագետների խորհուրդներից։

Խումբն արդեն մոտ 900 հետեւորդ ունի, շատերի միջեւ ստեղծվել է ընկերություն նաեւ համացանցային հարթակից դուրս։

Անի ԱՆՏՈՆՅԱՆ

Լուսանկարը՝ Վահրամ ԱՎՈՅԱՆԻ