ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի հրամանով հաստատված՝ արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում փրկարարական ծառայողների 2020 թվականի վերապատրաստման դասընթացների պլան-ժամանակացույցի համաձայն, այս տարի պետք է կազմակերպվեր 24-80 ժամյա 13 դասընթաց՝ 319 փրկարարի մասնակցությամբ: Նախատեսված դասընթացներից 7-ը Միավորված ազգերի կազմակերպության հովանու ներքո գործող «Որոնողափրկարարական հարցերով միջազգային խորհրդատվական խմբի» (The International Search and Rescue Advisory Group՝ INSARAG) չափանիշներով է:

Մինչեւ արտակարգ դրության հայտարարելը՝ մարտի 14, անցկացվեց INSARAG-ի չափանիշներով չորս վերապատրաստում՝ «Որոնողափրկարարական աշխատանքների կազմակերպման ղեկավար կազմ», «Համակողմանի ապահովում», «Տակելաժային աշխատանքների  կառավարում», «Տեխնիկական որոնում», «Վթարափրկարարական տեխնիկական միջոցների կիրառում»:

Հունիսի 3-ին, ՃԿՊԱ փրկարարական ֆակուլտետը կազմակերպել էր «Շինարարական կառուցվածքների կայունացման համակարգեր՝ ամրակապում» թեմայով դասընթացի տեսական մասը՝ հեռավար: Այս դասընթացն էլ INSARAG-ի չափանիշներով է: Թեմաները՝ «Կայունացման համակարգերի ընդհանուր բնութագիրը», «Միջազգային փրկարարական աշխատանքների արձագանքում», «Անվտանգության կանոնները ամրակապման աշխատանքներում», «Կայունացման աշխատանքների նախագծում եւ ամրակապման նյութերի ընտրություն», «Կայունացման համակարգերի մեթոդներն ու ձեւերը», «T-աձեւ եւ ուղղահայաց կայունացման համակարգեր», «Թեք եւ կողային կայունացման համակարգեր», «Դռան, պատուհանների եւ ճաղավոր կայունացման համակարգերը»:

Դասընթացին մասնակցում էր 14 փրկարար՝ փրկարար ծառայության փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնից, Տավուշի, Շիրակի, Լոռու, Սյունիքի մարզերի փրկարարական վարչություններից:

Արամ ԶԱՔԱՐՅԱՆ

Լուսանկարները՝ Վահրամ ԱՎՈՅԱՆԻ

Հ.Գ. 2020 թվականին անցվածված INSARAG-ի չափանիշներով այլ վերապատրաստներ.

«Համակողմանի ապահովում»

«Տակելաժային աշխատանքների կառավարում»

«Տեխնիկական որոնում»

«Վթարափրկարարական տեխնիկական միջոցներ»