ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի արտակարգ իրավիճակների եւ ճգնաժամային կառավարման ֆակուլտետի դեկանի տեղակալ Վահագն Կրբեկյանի հրավերով ՃԿՊԱ էր այցելել Ռուսաստանի Սանկտ-Պետերբուրգ քաղաքի հայկական ազգային ինքնավարության նախագահ, հասարակական գործիչ եւ բարերար Կարեն Մկրտչյանը: Նա ավարտել է Սանկտ-Պետերբուրգի պետական համալսարանի պատմության ֆակուլտետը, սովորել է Սանկտ-Պետերբուրգի Գիտությունների ակադեմիային կից բարձրագույն կրոնափիլիսոփայական դպրոցում: Ռուսաստանի հյուսիսային մայրաքաղաքում իր 33 տարվա բնակության ընթացքում Կարեն Մկրտչյանն անցել է երկար ու ձիգ, փորձություններով լի մի ճանապարհ, որի ընթացքում կայացել է որպես քրիստոնյա հայ՝ մերձավորին օգնելու, կարիքավորին սփոփելու, նեղության մեջ գտնվողին մխիթարելու առաքինությամբ: Հայ Առաքելական Եկեղեցու հովանու ներքո Սանկտ-Պետերբուրգի հայ համայնքի համախմբումը դարձել է նրա կյանքի ուղենիշ: Մեծ է եւ անուրանելի Մկրտչյանի վաստակը Ռուսաստանի հյուսիսային մայրաքաղաքի հայ համայնքի հոգեւոր, մշակութային, հասարական կյանքում, հայապահպանման դժվարին հարցում, Սանկտ-Պետերբուրգ-Երեւան, Ռուսաստան-Հայաստան կապերի ամրապնդման գործում: Նրա հովանավորությամբ կառուցվեց  եւ 2014 թվականի մայիսին օծվեց Հայաստանի Արմավիր քաղաքի առաջին՝ Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցին:

Հանդիպման մեկնարկին Վահագն Կրբեկյանը խոսեց քրիստոնեական արժեհամակարգի եւ փրկարարի որակների անհերքելի ընդհանրությունների մասին, մեկ անգամ եւս հաստատեց, որ միայն բարձր բարոյական արժանիքների տեր, վեհ եւ անձնազոհ, սեփական «ես»-ը սանձող անձը կարող է լիարժեք  հաղթահարել փրկարարի մարդասիրական եւ պատասխանատու մասնագիտության դժվարությունները: Ըստ նրա, սրընթաց եւ հարափոփոխ աշխարհում յուրաքանչյուր երիտասարդի համար կարեւոր է տարածության եւ ժամանակի մեջ ինքնակողմորոշման հարցը, որն անհնարին է լուծել մնայուն հոգեւոր արժեհամակարգից դուրս:

Մոտ երկու ժամ տեւած հանդիպումն անցավ կենդանի շփման, հարց եւ պատասխանի, երկխոսության ձեւաչափում: Ուսանողների եւ դասախոսների հարցերի բազմազանությունը վկայում էին հյուրի արծարծած թեմայի նկատմամբ մեծ հետաքրքրությունը: Ո՞րն է կյանքի իմաստը, ո՞րն է մարդու հաջողության գրավականը, ո՞ր տարիքում պետք է մկրտվի քրիստոնյան, ժամանակակից աշխարհում ո՞րն է Եկեղեցու առաքինությունը, կարե՞լի է մնալ Քրիստոնյա 21-րդ դարում, ի՞նչն է միավորում աշխարհի կրոնները, այս եւ զանազան այլ հարցերին Կարեն Մկրտչյան տվեց անկեղծ պատասխաններ, որոնք դարձան բաց ու անկաշկանդ քննարկման եւ նոր հարցերի առիթ:

Հանդիպման ավարտին արձանագրվեց, որ նման թեմաներով զրույցները կարեւոր են փրկարարի առաքելության խորքային իմաստավորման տեսանկյունից: Կողմերը պատրաստականություն հայտնեցին նմանատիպ  քննարկումներ իրականացնել նաեւ հետագայում:

Լուսանկարները տրամադրել է Վահագն Կրբեկյանը