Դեկտեմբերի 17-ին ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում կայացավ «Դիմակայուն Հայաստան» խորագրով միջբուհական ուսանողական գիտաժողով՝նվիրված 1988 թվականի Սպիտակի աղետալի երկրաշարժի 30-րդ տարելիցին։ Նպատակն էր ձեւավորել նոր գիտական մոտեցումներ, նոր մտածողություն՝ խոցելիության նվազեցման, աղետների ռիսկի կառավարման, կարողությունների զարգացման խնդիրները լուծելու համար։ ՃԿՊԱ ռեկտոր, փ/ծ գեներալմայոր Համլետ Մաթեւոսյանի խոսքով՝ այսօր էլ շարունակում ենք մեղավորներ փնտրել, այնինչ յուրաքանչյուրս պետք է շահագրգռված լինի ապահով շենքեր կառուցելու եւ ապահով միջավայրում ապրելու։

Զեկույցներով հանդես եկան Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի, Գիտությունների ազգային ակադեմիայիՀայաստանի պետական կառավարման ակադեմիայի, Երեւանի պետական համալսարանի, Երեւանի Վալերի Բրյուսովի անվան լեզվահասարակագիտական համալսարանի, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի, Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի եւ Շիրակի պետական համալսարանի հայցորդներ, մագիստրոսներ եւ բակալավրի կրթական ծրագրի ուսանողներ, թվով՝ 19 հեղինակ։

Ելույթների մեծ մասը նվիրված էր երկրաշարժի ժամանակ տուժածների եւ փրկարարական անձնակազմի բարոյահոգեբանական առանձնահատկություններին, հոգեբանական աջակցության մեթոդներին, արտակարգ իրավիճակներում մասայական խուճապի հաղթահարման խնդիրներին։

Մասնակիցների ակտիվ արձագանքին արժանացան երկրաշարժի գոտում ՀՀ ԱԻՆ անձնակազմի բարոյահոգեբանական պատրաստության, Արծվանիկի պոչամբարի բնապահպանական հիմնախնդիրների, հնագիտական հուշարձաններին սպառնացող վտանգների, Հայաստանի ատոմակայանի անվտանգության վերաբերյալ  զեկույցները։

ԳԱԱ հայցորդ  Ավետիս Գրիգորյանի խոսքով՝Հայաստանի հուշարձանների մեծ մասը պաշտպանված չէ։ Բացի բնական երևույթներից՝ երկրաշարժ, սողանք, մթնոլորտային արտանետումներ եւ այլն,  մեծ խնդիր է շրջակա միջավայրի պահպանությունը։ Վտանգված են հատկապես զբոսաշրջիկների համար որպես ուխտատեղի ծառայող եւ գյուղատնտեսական տարածքներում տեղակայված հուշարձանները։ Տարածված են գանձագողությունն ու վանդալիզմը։ Այդպես ժամանակին ոչնչացվել են Ջուղայի հայտնի խաչքարերը։ «Նույնիսկ Տաջիկստանի պես քիչ զարգացած երկրում տասնյակ տարիներ կարեւոր հուշարձանները ծածկի տակ են պահվում՝ տեղումներից պաշտպանելու համար։ Այսօր մայրաքաղաք Դվինի տարածք այցելողը ոչինչ չի տեսնում, չի պատկերացնում, քանի որ կավաշեն տները տեղումներից փլուզվել են։ Մի շարք հուշարձաններ ունենք, որոնք հրատապ ամրակայման եւ վերականգնման կարիք ունեն»,-մտահոգություն հայտնեց Ավետիս Գրիգորյանը։

ԵՊԼՀ հայցորդ Ռուզաննա Ղարիբյանը խոսեց երկրաշարժի գոտում փրկարարական աշխատանքներ իրականացնող անձնակազմի կառավարման, մասնավորապես՝ կադրային ռազմավարության մշակման, անձնակազմի ընտրության մասին։ «Երկրաշարժի գոտում ստեղծված իրավիճակը կարող է էապես փոխել մարդու հոգեվիճակն ու վարքը։ Բարոյահոգեբանական պատրաստությունը միջոցառումների համալիր է, որոնք պետք է ուղղել անձնակազմի մարտական ոգու, կայուն բարոյահոգեբանական եւ կարգապահության ապահովմանը, երկրաշարժի հետեւանքների բացասական հոգեբանական ներգործության հաղթահարմանը»,- մանրամասնեց ՌուզաննաՂարիբյանը։

Առաջարկվում է անցկացնել ԱԻՆ ուժերի ու միջոցների մշտական փրկարարական եւ զորահավաքային պատրաստություն, աղետի գոտում բարոյահոգեբանական եւ տեղեկատվական իրադրության վերլուծություն եւ այլն։ Ոչ պակաս  կարեւոր է հրամանատարի դերը, որը պետք է հոգ տանի փրկարարական անձնակազմի բարոյահոգեբանական վիճակի մասին, անձամբ հատուկ աշխատանք տանի խուճապի հակում ունեցող անձանց հետ։

Գիտաժողովի ավարտին բոլոր մասնակիցները ստացան հավաստագրեր։

Անի ԱՆՏՈՆՅԱՆ

Լուսանկարները՝ Վահրամ ԱՎՈՅԱՆԻ