ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի «Քաղաքացիական պաշտպանություն» ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանող Յուրի Սաքունցը նոյեմբերի վերջին ՍախաՅակուտիա ինքնավար հանրապետության Յակուտսկ քաղաքում մասնակցել է ուժային ըմբշամարտի աշխարհի առաջնությանը՝ 70 կգ քաշային կարգում զբաղեցնելով 6-րդ հորիզոնականը։ 4 հայ մարզիկների հետ մրցում էին 50-ից ավելի երկրների ներկայացուցիչներ։Պարապմունքներին խանգարել էին հատկապես Յակուտիայի ցրտաշունչ եղանակն ու ժամային գոտու փոփոխությունը։ Առաջին իսկ օրվանից Յակուտսկի հայ համայնքը հայ ըմբշամարտիկների կողքին է եղել, ոգեւորել նրանց, ծանոթացրել քաղաքի տեսարժան վայրերին, մեծ հյուրասիրություն կազմակերպել։

Յուրիի խոսքով՝ ուժային ըմբշամարտը Հայաստանում դեռ քիչ զարգացած է։ Այս սպորտաձևն առաջին հերթին լավ տեխնիկական պատրաստվածություն է պահանջում, ինչի կարելի է հասնել միայն մարզական հավաքների եւ տարբեր մրցումների շնորհիվ։ Երիտասարդ ըմբշամարտիկը խոստանում է հաջորդ տարի ավելի լավ արդյունք գրանցել։ Այս առաջնությունից իր ձեռքբերումը նոր սպորտային ընկերներն են՝ տարբեր մայրցամաքներից։

Քաղպաշտպանության մասնագետի աչքից չէին վրիպել քաղաքի շենքերի յուրահատուկ ինժեներական լուծումներն ու մարզական համալիրների հակահրդեհային պաշտպանության համակարգը՝ հագեցած բոլոր ժամանակակից սարքավորումներով։«Շենքերը հենված էին զսպանակներին եւ գետնից մոտ 1 մետր բարձրության վրա էին գտնվում։ Տեղացիները հավատում էին, որ հողի տակ սառույց կա, որի հալչելու դեպքում շենքի հիմքերը կարող են խարխլվել։ Հիացրեց հատկապես մարզադահլիճների անվտանգությունը»,- վերհիշեց Յուրին։

Նույնը չի կարելի ասել Կոտայքի մարզի Չարենցավանի մարզադահլիճի մասին, որտեղ «Դյուցազնագրքի» ռեկորդակիրը պարապմունքներ է անցկացնում։ Շենքի տանիքը մշտապես կաթում է, պայմաններն անհարմարավետ են։ Սակայն այս հարցում էլ Յուրին լավատես է իսկական մարզիկին կոփում են դժվարությունները։

Արդեն 5 տարի ՃԿՊԱ ուսանողը նաեւ սամբո ըմբշամարտով է զբաղվում, երազում մի օր օլիմպիական մարզաբեմում հայտնվել։ Արդենիսկ պատրաստվում է հաջորդ տարվա մարտին կայանալիք սամբո մարզաձեւի աշխարհի առաջնությանը։

Թեեւ իր ընտրած մասնագիտությունը շատ է սիրում, սակայն վստահ է՝ սպորտն է իր առաքելությունը։

Անի ԱՆՏՈՆՅԱՆ

Լուսանկարները՝ Յուրի Սաքունցի արխիվից