ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման պետական ակադեմիան մագիստրոսի կրթական ծրագրի երկու մասնագիտության գծով՝ «Փրկարարական գործ» և «Ճգնաժամային կառավարում», տվեց 34 շրջանավարտ, ովքեր ձեռք են բերել արտակարգ իրավիճակներում գործելու մասնագիտական գիտելիքներ, հմտություններ ու կարողություններ: ՃԿՊԱ-ն մագիստրոսի որոկավորմամբ շրջանավարտ առաջին անգամ տվել է 2009 թվականին, սա 9-րդ անգամն էր: 34 շրջանավարտից 23-ն աշխատում են ՀՀ ԱԻՆ տարբեր ստորաբաժանումներում, 2-ը՝ ՄԱԿ-ի զարգացման ծրագրերում, 7-ը՝ ՀՀ այլ ուժային կառույցներում և տարբեր կազմակերպություններում:

Այսօր ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի ղեկավարությունը շրջանավարտներին հանձնեց դիպլոմները: Ամանոր-2018-ը այս երիտասարդների եւ աղջիկների համար կրկնակի տոն դարձավ:

Մագիստրոսներին շնորհավորեց ակադեմիայի ռեկտոր, փրկարար ծառայության գեներալ-մայոր Համլետ Մաթեւոսյանը: Ռեկտորի խոսքով, կրթությունը պետք չէ, եթե զարգացում եւ առաջընթաց չի ապահովում ու մագիստրոսները չպետք է սահմանափակվեն սրանով, համարեն որ էլ սովորելու տեղ չկա: Կա: Աղետների ռիսկի նվազեցումն ու ճգնաժամային կառավարումը նոր են զարգանում եւ անելիք շատ կա՝ գիտական հետազոտություններից մինչեւ մտածելակերպի փոփոխություն: «Պետք չէ գնալ դեպքի հետեւից, պետք է կանխել դեպքը: Սկսած համայնքներից, ղեկավարները պետք է հսականան, որ շահույթ ստանալու մասին մտածելուց առաջ պետք է մտածել ռիսկի մասին: Դուք պետք է փոխեք այսօրվա մտածողությունը՝ առաջնորդվելով «Պետությունը մենք ենք» տրամաբանությամբ», — հորդորեց Համլետ Մաթեւոսյանը:

Իսկ մագիստրոսները երդվեցին. «բարեխղճորեն և պատասխանատվությամբ կատարել մասնագիտական պարտականությունները, անշահախնդրորեն կազմակերպել տուժածների փրկման աշխատանքները` անկախ ազգությունից, քաղաքական հայացքներից ու կրոնական դավանանքից, հնարավոր ամեն ինչ անել աղետների կանխման ու կանխարգելման համար, ամբողջ ուժով օժանդակել արտակարգ իրավիճակների համակարգի զարգացմանը, պահպանել փրկարարի մասնագիտական ավանդույթները, բարոյական նկարագիրը և բարձր պատիվը»: