Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի ուսանող, ուժային եռամարտի աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոն, Գինեսի ռեկորդակիր Յուրի Սաքունցը Արցախի Հանրապետության անկախության օրը Ստեփանակերտում սահմանեց նոր ռեկորդ․ ձեռքերի վրա քայլելով, ճոպանն ատամներով պահած՝  նա տեղաշարժեց 4 տոննա կշռող մեքենան։

Միտքը հղացել էր կորոնավիրուսով պայմանավորված մեկուսացման պայմաններում, երբ թե՛ Հայաստանում, թե՛ Արցախում հետաձգվել էին բոլոր մարզական միջոցառումները։ Արմատներով Շահումյանի շրջանից Յուրին այսկերպ ցանկացել էր շնորհավորել ազատ արցախցու տոնը եւ ի ցույց աշխարհի՝ կրկին հանրահռչակել Արցախ պետությունը։

Անկեղծանում է՝ վարժության ժամանակ որոշ դժվարություններ առաջացան՝ մեքենայի ոչ պատրաստ լինելու եւ կիզիչ արեւի պատճառով, սակայն տրիբունայում հավաքվածների, հատկապես՝ երեխաների ոգեւորությունն ու ծափերը ուժ տվեցին գործն ավարտին հասցնելու։ Յուրին կրկնեց տարիներ առաջ ադրբեջանցի մարզիկի արած վարժությունը, սակայն իր արդյունքով գրեթե 3 անգամ գերազանցեց նրան։

«Ես սիրում եմ Արցախը, սրտաբաց արցախցիներին, Արցախի ուտեստները։ Միջոցառումից հետո, երբ մի խանութ մտանք՝ ժենգյալով հաց գնելու, մեզ անմիջապես ճանաչեցին, հյուրասիրեցին, գինով նշեցինք տոնը։ Արցախի բոլոր քաղաքներում ես ինձ զգում եմ, ինչպես տանը»,- ասում է Յուրին։

Օրվա երկրորդ ռեկորդը սահմանել էր նրա եղբայրը՝ Արթուր Սաքունցը, որն ատամներով տեղաշարժել էր 12,5 տոննա կշռող ավտոբուսը։

Ռեկորդները տեսագրվել են եւ կներկայացվեն Գինեսի գրքի հանձնաժողով։

 

Անի ԱՆՏՈՆՅԱՆ

Լուսանկարները տրամադրել է Յուրի Սաքունցը: ՃԿՊԱ ուսանողի այլ հաջողությունների մասին կարդացեք.

Զորիկ Պողոսյանն ու Յուրի Սաքունցը ՝ աշխարհի չեմպիոններ

ՃԿՊԱ ուսանողը մեկ օրում սահմանեց երեք ռեկորդ

Երկու նոր ռեկորդ՝ համավարակի պայմաններում

Հայկական հրշեջ-մեքենան՝ անգլիական «Գինեսի ռեկորդների գրքում»

ԱԻՆ մարզիկները ոսկե մեդալներ են նվաճել