Այսօր՝ հուլիսի 8-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության շարահրապարակում իրենց դիպլոմները ստացան ԱԻՆ ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի շրջանավարտները: 2018-2019 ուսումնական տարում ակադեմիան ավարտել է 231 մարդ, որից 53-ը՝ միջին մասնագիտական կրթական ծրագրով (15-ը՝ գերազանցությամբ), 178-ը՝ բակալավրի կրթական ծրագրով (12-ը՝ գերազանցությամբ), մնացածը՝ մագիստրոսի կրթական ծրագրով:

Դիպլոմները հանձնեցին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը, կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը, արտակարգ իրավիճակների փոխնախարարներ, նախարարության բաձրաստիճան պաշտոնյաներ, ԱԻՆ փրկարար ծառայության տնօրենը:

Նախքան դիպլոմները ստանալը երեք շրջանավարտ, որոնցից մեկը աղջիկ, ցուցադրեցին պարաններով բարձրությունից իջնելու իրենց հմտությունը:

«Փրկարարը ոչ միայն մարդկանք կյանքեր է փրկում, այլ վտանգում սեփական կյանքը, այլոց փրկելու համար: Վստահ եմ, որ մեծ պատասխանատվությամբ ենք վերաբերվելու ձեր գործին: Այսպիսի պրոֆեսիալների կարիք ԱԻՆ-ը միշտ ունենալու է: Անփորձանք աշխատանք ու խաղաղություն բոլորին», — մաղթեց ԱԻՆ նախարարը:

«Վստահ եմ, որ լավ գիտելիք եք ստացել: Ձեր աշխատանքը միշտ անհրաժեշտ է լինելու: Անփորձանք ծառայություն եւ հաջողություն», — հայտարարեց ԿԳՄՍ նախարարը:

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի ռեկտոր, փ/ծ գեներալ-մայոր Համլետ Մաթեւոսյանն էլ ասաց. «Մեր համակարգը կարիք ունի գիտական ուղղությունների զարգացման եւ այդ զարգացմամբ պետք է դուք զբաղվեք: Անցել են այն ժամանակները, երբ մենք անհատական պաշտպանական միջոցներով պետք է մտնենք ծխապատ տարածք: Մենք պետք է ռոբոտոտեխնիկա օգտագործենք: Նոր տեխնոլոգիաների կիրառումը հեղաշրջում կլինի բնակչության պաշտպանության ոլորտում: Դա դուք եք անելու: Մենք պիտի ծանրության կենտրոնը տեղափոխենք աղետների կանխման եւ կանխարգելման վրա: Մենք պիտի հպարտ լինենք, որ լավ փրկարար ենք, այնպես ենք աշխատել, որ փրկելու կարիք չկա»:

Ապագա փրկարարները երդվեցին. «Ստանալով արտակարգ իրավիճակներից բնակչության պաշտպանության եւ քաղաքացիական պաշտպանության ոլորտի մասնագետի բարձր կոչումը եւ անցնելով փրկարարի համամարդկային գործունեության, երդվում եմ.

Բարեխղճորեն եւ պատասխանատվությամբ կատարել պարտականություններս,

Անշահախնդրորեն կազմակերպել  տուժածների փրկման աշխատանքները՝ անկախ ազգությունից, քաղաքական հայացքներից, կրոնական  դավանանքից,

Հնարավորինս ամեն ինչ անել աղետների կանխման եւ կանխարգելման համար,

Ամբողջ ուժով օժանդակել արտակարգ իրավիճակների նախարարության համակարգի զարգացմանը,

Պահպանել փրկարարի մասնագիտական ավանդույթը, բարոյական նկարագիրը եւ բարձր պատիվը,

Երդվում եմ ամբողջ կյանքում հավատարիմ մնալ այս երդմանը:

Երդվում եմ»:

Այլ մանրամասներ՝ լուսանկարներով:

Արամ ԶԱՔԱՐՅԱՆ

Լուսանկարները՝ Վահրամ ԱՎՈՅԱՆԻ