ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի 2018 թվականի հունվարի 18-ի հրամանով հաստատվել է ԱԻՆ ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում փրկարար ծառայողների վերապատրաստման պլանը: Նախատեսված է 24-160 ժամանոց 12 դասընթաց, որոնց կմասնակցի ավելի քան 250 փրկարար:

Հոկտեմբերի 29-նոյեմբերի 27 հատվածում ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի մասնագետներն անցկացնում են տարվա վերջին վերապատրաստումը՝ 160 ժամ, որից մոտ 50 ժամը՝ գործնական վարժանք ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի «Լուսակերտ» գործնական պարապմունքների կենտրոնում, Կոտայքի մարզի Արզնու ձորում եւ ԱԻՆ «Աղետների բժշկության կենտրոնում»:

Դասընթացին մասնակցում են հատուկ հրշեջ եւ հրշեջ փրկարարական ջոկատների խմբի պետեր, խմբի հրամանատարներ եւ հերթափոխի պետեր Երեւանից եւ Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Վայոց ձորի, Տավուշի, Սյունիքի մարզերից՝ ընդամենը 15 հոգի:

Վերապատրաստման 160 ժամանոց ծրագրում ներառված է 12 թեմա՝ միջազգային փրկարարական արձագանքում, շնչառության համար ոչ պիտանի միջավայրում կատարվող աշխատանքներ, բարձրությունների վրա փրկարարական աշխատանքների իրականացման միջոցներ, ջրափրկարարական աշխատանքներ, անհատական ջրափրկարարական միջոցներ, արագաշարժությանը, ճկունությանը եւ հավասարակշռությանը նպաստող վարժություններ, ուժային եւ դիմացկունության վարժություններ, փոքր մեխանիզացիայի, տեխնիկական միջոցների, սարքավորումների եւ գործիքների շահագործում, հրշեջ փողակների եւ փողրակների փորձարկման կարգը, խնամքը, պահպանումը, առաջին օգնություն եւ այլն:

Արամ ԶԱՔԱՐՅԱՆ

Լուսանկարը՝ Վահրամ ԱՎՈՅԱՆԻ