Դեկտեմբերի 27-ին Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում անցկացվեց Ամանորին նվիրված տոնական միջոցառում: Մասնակիցները միջին մասնագիտական կրթական ծրագրի և բակալավրիատի  սաներն էին:

Բեմադրվեցին ժողովրդական և ժամանակակից  պարեր, իսկ բաբաջյանական «Էլեգիա»-յի հնչյունների ներքո ծայր առավ հայկական նազանի պարը: «Փրկարարական գործ» բաժնի երկրորդ  կուրսի ուսանողուհի Ասյա Ճաղարյանը պրոֆեսիոնալ մենապարուհի է, «Ջրվեժ» պարային համույթի պարուսույցը: Զուգահեռ սովորում է նաև Մանկավարժական համալսարանի պարարվեստի բաժնում: Անկեղծանում է՝ երկու մասնագիտություններն էլ իր կենսակերպն են դարձել: Երիտասարդ արվեստագետը չէր կարող նույնիսկ պատկերացնել, որ մի օր հանձն է առնելու մարդկանց օգնության ձեռք մեկնելու առաքելությունը: «Ակադեմիան միշտ առանձնանում է մյուս համալսարանների շարքում. այստեղ ցանկացած  հարց իր լուծումն է գտնում: Սա մի մեծ ընտանիք է»,- ասում է Ասյան:

Ցերեկույթի երաժշտական մասն ապահովեցին նորաստեղծ երգչախմբի աղջիկները: Կոմպոզիտոր և գործիքավորող Ներսես Մարգարյանի խոսքով՝ խումբն ստեղծելիս ընդառաջել են  բոլոր նրանց, ովքեր պարզապես  երգել են սիրում: 9-հոգանոց երգչախումբն այժմ համալրման փուլում է. աղջիկները պատրաստ են օրինակ ծառայել ամաչկոտ տղաներին, որոնք  խուսափում են իրենց երաժշտական ունակությունները ցուցադրել:

Հանդիսատեսի բուռն արձագանքին արժանացավ հատկապես հումորային ծրագիրը: Ներկայացվեցին զավեշտալի դրվագներ ուսանողների և դասախոսների առօրյա կյանքից, հայ ընտանիքներում տիրող ամանորյա անվերջանալի եռուզեռից: «Համակարգչային հմտություններ» և «Օպերատորական աշխատանք» առարկաների դասախոս Եպրաքսյա Բաղրամյանը գլխավոր «զոհերից» մեկն էր: Փորձառու մանկավարժը վստահ է՝ անկախ առաջադիմությունից՝ ուսանողի մեջ  առաջին հերթին պետք է մարդ տեսնել. «Միջոցառման ամենաակտիվ ու տաղանդավոր մասնակիցներից մեկը՝ Լևոնը, նախորդ տարի անբավարար առաջադիմության պատճառով ակադեմիայից դուրս էր մնում, մեզ հաջողվեց նրան դեպի կրթությունը վերադարձնել: Հաճախ ինձ ուսանողների «մորաքույր» են անվանում, քանի որ ամենուրեք նրանց շահն եմ պաշտպանում: Բոլոր պարագաներում պետք  է երեխային ինքնադրսևորվելու հնարավորություն տալ»:

Միջոցառման ավարտին հնչեցին ամանորյա բարեմաղթանքներ՝ ուղղված ապագա փրկարար-զինվորներին, որոնց առջևում մի մեծ նոր կյանք է:

 

Անի Անտոնյան