ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիան 2010 թվականից հրատարակում է «Ճգնաժամային կառավարում եւ տեխնոլոգիաներ» գիտական եւ գիտամեթոդական հոդվածների ժողովածուն, բաղկացած 3 բաժնից՝ «Կառավարում եւ տնտեսագիտություն», «Տեխնոլոգիաներ», «Գիտամեթոդական հիմնախնդիրներ»: Մինչ օրս հրատարակվել է ժողովածուի 13 համար, որոնցում ընդհանուր հաշվով ընդգրկվել է 333 գիտական եւ գիտամեթոդական հոդված, որից 211 հոդվածի հեղինակը ակադեմիայի պրոֆեսորադասախոսական կազմն է:

Ժողովածուն կյանքի է կոչվել խմբագրական խորհրդի ջանքերով, որի կազմում  ընդգրկվել են հանրապետության նշանավոր գիտնականներ` ՀՀ արտակարգ իրավիճակների, կրթության ու գիտության նախարարություններից, Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայից, Հայաստանի այլ բուհերից (Վ. Բրյուսովի անվան լեզվահասարակագիտական համալսարան, Խ. Աբովյանի անվան Հայկական պետական մանկավարժական համալսարան, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան, Հայաստանի ազգային ագրարային համալսարան, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան)` 10 գիտության դոկտոր եւ 6 գիտության թեկնածու:

«Ճգնաժամային կառավարում եւ տեխնոլոգիաներ» գիտական եւ գիտամեթոդական հոդվածների ժողովածուում պարբերաբար տպագրվել են նաեւ այլ երկրների՝ Ճապոնիա, Տաջիկստան, Վրաստան, Ռուսաստան, գիտնականների հոդվածները:

Գիտամեթոդական հիմնախնդիրներ բաժնում տեղ են գտել հոդվածներ ուսուցման գործընթացի արդյունավետության բարձրացման, ուսուցման տեխնոլոգիաների արդիականացման, ուսուցման առարկայական արդյունքները կրթական վերջնարդյունքներին ներդաշնակման, գնահատման նոր մեխանիզմների մշակման եւ ուսանողների ինքնուրույն աշխատանքների ակտիվացման վերաբերյալ:

Հոդվածները հիմնականում ներկայացվել են գրախոսված, մնացածը` գրախոսվել է ակադեմիայի պրոֆեսորադասախոսական կազմի կողմից:

«Ճգնաժամային կառավարում եւ տեխնոլոգիաներ» գիտական եւ գիտամեթոդական հոդվածների ժողովածուն ընդգրկվել է ՀՀ բարձրագույն որակավորման հանձնաժողովի (ՀՀ ԿԳՆ ԲՈԿ) սահմանած դոկտորական եւ թեկնածուական ատենախոսությունների հիմնական արդյունքների եւ դրույթների հրատարակման համար ընդունելի պարբերական գիտական հրատարակությունների ցանկում:

Ժողովածուն առաքվում է մի շարք գիտական կազմակերպություններ եւ առկա են լուրջ հետաքրքրություններ տպագրված գիտական եւ գիտամեթոդական հոդվածների նկատմամբ:

Նկատի ունենալով հոդվածագիրների ներկայացրած հայտերի աշխարհագրությունը, կարելի է պնդել, որ «Ճգնաժամային կառավարում եւ տեխնոլոգիաներ» գիտական եւ գիտամեթոդական հոդվածների ժողովածուն լայն ճանաչում ունի թե Հայաստանում, թե դրսում: