Փետրվարի 8-ին Ներքին գործերի նախարարության Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիան հյուրընկալեց Երեւանի թիվ 2 տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի (ՏՄԱԿ) ներկայացուցիչներին։ Քննարկման թեման էր համընդհանուր ներառական կրթական համակարգի ներդրումը նախնական եւ միջին մասնագիտական կրթության ոլորտում։

Ներկայացվեցին ՏՄԱԿ-ի հիմնական ուղղությունները՝ վերապատրաստումներ եւ մեթոդական աջակցություն, գնահատում եւ աջակցություն։ Գնահատման փուլում ընդգրկված են հոգեբան, հատուկ մանկավարժ, սոցիալական մանկավարժ եւ այլ մասնագետներ, գնահատումից հետո իրականացվում են աջակցության տարբեր ծրագրեր՝ հարմարեցված եւ մատչելի միջավայրի ստեղծում, խելամիտ հարմարեցումների տրամադրում եւ այլն։

Աջակցությունը տրամադրվում է երեք մակարդակում՝ ուսումնական հաստատություն, տարածքային եւ հանրապետական։ Պետությունը հատկացնում է միջոցներ, իսկ ուսումնական հաստատությունն ապահովում է կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող՝ ԿԱՊԿՈՒ սովորողների անհատական ուսուցման պլանով սահմանված հարմարեցումները՝ անհատական տեխնիկական միջոցներ եւ գույք, սարքավորումներ, տպագիր, աուդիո եւ վիդեո ձեւաչափով ուսումնական նյութեր եւ այլն։ Լիարժեք ներառականություն ապահովելու համար նախատեսվում է ստեղծել մատչելի տարածքով ու գույքով դասասենյակներ, լաբորատորիաներ, ճաշարան, մարզադահլիճ, գրադարան, սանհանգույցներ եւ այլն։

«Նման երեխաներին հաճախ պիտակավորում են որպես ներառական երեխաներ։ Պետք է հասկանալ, որ նման տերմին գոյություն չունի։ Ներառականությունը սկսվում է մեզնից յուրաքանչյուրից․ այն առաջին հերթին մտածողության, ապա միջավայրի փոփոխության արդյունք է»,- նշեց ՏՄԱԿ-ի ներկայացուցիչ Վարդուհի  Մանվելյանը։

ՏՄԱԿ-ի ծրագրերն անվճար են, աջակցությունը կարող է ընդգրկել երեխայի կյանքի տարբեր փուլերը։ Մասնագետի խոսքով՝ հաճախ ծնողները թյուր կարծիք են ունենում, որ կարիքի գնահատումը հերթական բժշկական ախտորոշում է լինելու, որը բիծ է թողնելու երեխայի կյանքի վրա։ Այնինչ ՏՄԱԿ-ի գործառույթը միայն կրթական կարիքի գնահատումն է։ Մանկավարժի խնդիրն է ճիշտ ներկայացնել ծնողին իր երեխայի առաջադիմության, վարքի, հաղորդակցության եւ այլ խնդիրները, դառնալ կապող օղակ ՏՄԱԿ-ի եւ ԿԱՊԿՈՒ երեխաների միջեւ։ Երբ ծնողը տալիս է համաձայնությունը, ՏՄԱԿ-ի մասնագետներն այցելում են ուսումնական հաստատություն եւ գնահատում երեխայի կրթական կարիքը՝ ըստ 25 չափորոշիչի։

ՏՄԱԿ-ի աշխատակից Նարինե Ներսիսյանը հավելեց՝ վերջին տարիներին բավականին փոխվել է վերաբերմունքը խնդիրներ ունեցող երեխաների նկատմամբ։ Փորձը ցույց է տվել, որ եթե ուսումնական հաստատության տնօրենն ընդունում է ներառական համակարգը, ամեն ինչ հաջող է ընթանում։ Եթե մեծահասակը չպիտակավորի դիմացինին, երեխան իր ընկերոջը կընդունի ինչպես որ կա։ Համընդհանուր ներառականությունն այսօր պարտադիր գործընթաց է՝ սկսած մանկապարտեզից, եւ յուրաքանչյուր ոք պետք է պահանջատեր լինի իր երեխայի կրթության իրավունքի պաշտպանության հարցում։

Ներկայումս քննարկման փուլում է բացառիկ ընդունակություն ունեցող երեխաների հետ աշխատանքի, մասնագետների վերապատրաստման, առանձնացված ուսումնական ծրագրի մշակման հարցը։

Դասընթացի ավարտին խաղարկվեց իրավիճակ, թե ինչպես է դասախոսը հաղորդում ծնողին իր երեխայի առանձնահատկությունների մասին, թե ինչ նրբություններ պետք է հաշվի առնել։

 

Անի ԱՆՏՈՆՅԱՆ
Լուսանկարները՝ Վահրամ ԱՎՈՅԱՆԻ