ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանի հրամանով հաստատվել է ՆԳՆ «Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում» ՆԳՆ փրկարար ծառայության փրկարար ծառայողների վերապատրաստման 2024 թվականի պլանը, համաձայն որի, այս տարի կկազմակերպվի վերապատրաստման 21 դասընթաց, որոնց կմասնակցի 1105 փրկարար՝ հրշեջ-փրկարարական ջոկատների հրամանատարներ եւ հրամանատարների տեղակալներ, խմբի պետեր, հերթափոխի պետեր, օղակի հրամանատարներ եւ այլք:

Դասընթացներից չորսը՝ Միավորված ազգերի կազմակերպության հովանու ներքո գործող «Որոնողափրկարարական հարցերով միջազգային խորհրդատվական խմբի» (The International Search and Rescue Advisory Group՝ INSARAG) չափանիշներով է:

Դասընթացների թեմաներն են. «էլեկտրոմոբիլների վթարների դեպքում փրկարարական աշխատանքների անվտանգության ապահովում», «Արեւային էլեկրակայանների հրդեհաշիջման աշխատանքների կազմակերպման եւ իրականացման առանձնահատկությունները», «Անտառային եւ բուսածածկ տարածքների հրդեհային անվտանգության ապահովում», «Լեռնափրկարարական աշխատանքների կազմակերպում», «Շինարարական կառուցվածքների կայունացման համակարգեր՝ ամրակապում», «Բարձրությունների վրա փրկարարական աշխատանքների կազմակերպում եւ իրականացում՝ պարանային աշխատանքներ», «Փոքր մեխանիզացիայի եւ տեխնիկական միջոցների կիրառում», «Փլուզված շինություններում իրականացվող որոնողափրկարարական աշխատանքներ», «Շնչառության համար ոչ պիտանի միջավայրում իրականացվող փրկարարական աշխատանքներ» եւ այլն:

Բացի այս 21 դասընթացից, ՃԿՊԱ փրկարարական ֆակուլտետը տարբեր թեմաներով վերապատրաստման դասընթացներ կկազմակերպվի նաեւ մարզերում:

«Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիան» համագործակցության պայմանագրեր ունի ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի եւ այլ կազմակերպությունների հետ: Այս պայմանագրերի շրջանակներում կկազմակերպվեն «Փրկարարական պատրաստություն», «Հակահրդեհային պատրաստություն» թեմաներով դասընթացներ:

Նախորդ տարիների փորձը ցույց է տալիս, որ վերապատրաստումներին միշտ էլ մասնակցում է նախատեսվածից ավելի մարդ:

2018 թվականին 259 փրկարարի փոխարեն վերապատրաստումներին մասնակցել է 471 փրկարար: Եվս 320 հոգի ՆԳՆ փրկարար ծառայությունում աշխատանքի անցնելու համար ՃԿՊԱ-ում եռամսյա ուսումնական փորձաշրջան է անցել:

2019 թվականին 319 փրկարարի փոխարեն մասնակցել է 454 փրկարար: Եվս 219 հոգի ՆԳՆ փրկարար ծառայությունում աշխատանքի անցնելու համար ՃԿՊԱ-ում եռամսյա ուսումնական փորձաշրջան է անցել:

2021 թվականին 300 փրկարարի փոխարեն մասնակցել է 684 փրկարար, որից 395-ը՝ արտապլանային դասընթացների ունկնդիրներն են: Եվս 104 հոգի ՆԳՆ փրկարար ծառայությունում աշխատանքի անցնելու համար ՃԿՊԱ-ում եռամսյա ուսումնական փորձաշրջան է անցել:

2022 թվականին 350 փրկարարի փոխարեն մասնակցել է 395 փրկարար: Եվս 82 մարդ ՆԳՆ փրկարար ծառայությունում աշխատանքի անցնելու համար ՃԿՊԱ-ում եռամսյա ուսումնական փորձաշրջան է անցել:

Արամ ԶԱՔԱՐՅԱՆ