Այսօր՝ հուլիսի երեքին տեղի ունեցավ ՀՀ ներքին գործերի նախարարության «Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի» գիտական խորհրդի՝ 2022-2023 ուսումնական տարվա վերջին նիստը:

Գիտխորհուրդը հաստատեց 2022-2023 ուսումնական տարվա ամփոփիչ ատեստավորման քննական հանձնաժողովների նախագահների հաշվետվությունները: 2022-2023 ուսումնական տարում ՃԿՊԱ երեք կրթական ծրագիրն ավարտել է 269 շրջանավարտ՝ 18 մագիստրոս, 170 բալակավր, 81 միջին մասնագիտական: Այդ մասին առավել մանրամասն՝ այստեղ:

Իր գործունեության ընթացքում ակադեմիան տվել է 3294 շրջանավարտ, որոնք աշխատում են ոչ միայն փրկարար ծառայության տարբեր ստորաբաժանումներում, այդ թվում՝ ՃԿՊԱ-ում, այլ նաեւ պետական այլ կառույցներում (ոստիկանություն, պաշտպանության նախարարություն, ազգային անվտանգության ծառայություն եւ այլն) մասնավոր ընկերություններում: Այս պահին ՃԿՊԱ-ում սովորում է 841 ուսանող: Հուլիսի մեկից «Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում» մեկնարկել է 2023-2024 ուսումնական տարվա ընդունելությունը՝ չորս կրթական ծրագրով: Այդ մասին առավել մանրամասն՝ այստեղ:  2023-2024 ուստարում ակադեմիայի միջին մասնագիտական կրթական ծրագրում կլինի 140 անվճար տեղ, բակալավրի կրթական ծրագրում՝ 60, որից 5-ը՝ Արցախի հանրապետության համար: Միջին մասնագիտական կրթական ծրագրի չորս մասնասգիտությանն ավելացել է եւս երկուսը՝ «Պաշտպանական կառույցների շահագործում» եւ «Կապ եւ ազդարարում բնակչության պաշտպանության ոլորտում»:

ՃԿՊԱ գիտական խորհուրդը տպագրության երաշխավորեց «Ճգնաժամային կառավարման» ամբիոնի դասախոս, տեխնիկական գիտությունների թեկնածու Արմեն Խաչատրյանի «Ճգնաժամերի կառավարում եւ հաղթահարում» եւ փրկարարական ամբիոնի դոցենտ, պ. փ/ծ գնդապետ Հովհաննես Խաչատրյանի  «Տեղագրություն եւ կողմնորոշում» ուսումնական ձեռնարկները: Գիտխորհուրդը որոշեց դոցենտի գիտական աստիճան շնորհել «Ճգնաժամային կառավարման» ամբիոնի դասախոսներ տնտեսագիտության թեկնածու Տիգրան Հայրապետյանին եւ մանկավարժական գիտությունների թեկնածու Ռուզաննա Ղարիբյանին: Որոշումները կուղարկվեն Բարձրագույն որակավորման կոմիտե (ԲՈԿ)՝ հաստատման:

Արամ ԶԱՔԱՐՅԱՆ