2023 թվականի հունիսի 14-ին Հայաստանի ներքին գործերի նախարարության «Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում» ավարտվեցին մայիսի 4-ից մեկնարկած 2022-2023 ուսումնական տարվա ամփոփիչ ատեստավորման պետական քննությունները, համաձայն հաստատված մասնագիտական քննական հանձնաժողովների, ժամանակացույցի եւ ամփոփիչ ատեստավորման կարգի պահանջների: Առկա եւ հեռակա ուսուցմամբ բակալավրի, մագիստրոսի եւ միջին մասնագիտական կրթական ծրագրերով ակադեմիան ավարտեց 269 շրջանավարտ:

Բակալավրի կրթական ծրագրի առկա եւ հեռակա ուսուցմամբ 170 շրջանավարտ ավարտեց 5 մասնագիտության գծով՝ «Կառավարում», «Անվտանգությունն արտակարգ իրավիճակներում (Քաղաքացիական պաշտպանություն)», «Անվտանգությունն արտակարգ իրավիճակներում (Փրկարարական գործ)», «Անվտանգությունն արտակարգ իրավիճակներում (Հրդեհային պաշտպանություն)», «Տրանսպորտային համակարգեր (Տրանսպորտային եւ հրշեջ փրկարար հատուկ տեխնիկայի շահագործում եւ սպասարկում)»: Ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովը շրջանավարտներին շնորհեց համապատասխան որակավորում եւ շրջանավարտներից 11-ին՝ գերազանցության դիպլոմ:

Միջին մասնագիտական կրթական ծրագրի երեք մասնագիտության գծով՝ Ակադեմիան ավարտեց 81 շրջանավարտ, որից 28-ին շնորհվեց գերազանցության դիպլոմ եւ մագիստրոսի կրթական ծրագրի 18 շրջանավարտից 9-ին՝ գերազանցության դիպլոմ: Շրջանավարտները ցուցաբերեցին որակավորումների ազգային շրջանակի համապատասխան աստիճանով նախատեսված եւ կրթական ծրագրով սահմանված մասնագիտական որակավորումներ, ինչը փաստում է վերջնարդյունքների ստացված լինելու բարձր մակարդակի մասին:

Բակալավրի եւ մագիստրոսի կրթական ծրագրերի հեռակա ուսուցման 25 շրջանավարտ արդեն աշխատում է ՆԳՆ փրկարար ծառայության տարբեր ստորաբաժանումներում, շուրջ 30-ը՝ ուժային այլ կառույցներում, որոշներն էլ՝ այլ կազմակերպություններում:

ՃԿՊԱ գիտական եւ ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր, տեխնիկական գիտությունների թեկնածու, դոցենտ Հայկանդուխտ Ղարիբյանի խոսքով, բակալավրի կրթական ծրագրի շրջանավարտների մի մասը ցանկություն է հայտնել ուսումը շարունակել ակադեմիայի մագիստրոսի կրթական ծրագրում, իսկ միջին մասնագիտական կրթական ծրագրի շրջանավարտների շուրջ 50%-ը ուսումը կշարունակի ակադեմիայի բակալավրի կրթական ծրագրում:

«Սիրելի շրջանավարտներ, ակադեմիայում ձեր ուսումնառության տարիները եղել է մարդու՝ որպես անհատի եւ մասնագետի ձեւավորման ու զարգացման համար կարեւորագույն շրջան, դուք ստացել եք մասնագիտություն, ինչը շատ հետաքրքիր ու բարդ ընթացքի սկիզբ է: Դուք մարդկային կյանքեր փրկելու արժանապատիվ գործով եք զբաղվելու: Ակադեմիայի ղեկավարության եւ ողջ կազմը անունից ջերմորեն շնորհավորում եմ 2023 թվականի մեր շրջանավարտներին, նրանց մաղթում ամենայն բարիք, հաջողություններ մասնագիտական ոլորտում ու անձնական կյանքում եւ ստացած գիտելիքների, կարողությունների ու հմտությունների կիրառում ի նպաստ երկրի զարգացմանն ու առաջընթացին արտակարգ իրավիճակներից բնակչության պաշտպանության եւ քաղաքացիական պաշտպանության ոլորտում: Սիրելի շրջանավարտ, բարի երթ եւ ծրագրերի իրականացում քեզ», — այս մաղթանքով իր խոսքն ամփոփեց ՃԿՊԱ գիտական եւ ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր, տեխնիկական գիտությունների թեկնածու, դոցենտ Հայկանդուխտ Ղարիբյանը: