Հունիսի 28-ին Արցախի Մարտակերտի եւ Մարտունու ուղղությամբ հակառակորդի սադրանքի արդյունքում զոհվել է Հայաստանի Ներքին գործերի նախարարության «Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի» «Փրկարարական գործ» մասնագիտության ուսանող Երվանդ Թադեւոսյանը։ Երվանդը ծառայում էր Մարտակերտի շրջանի Սրխավենդ գյուղում։

Բերձորից էր, 44-օրյա պատերազմից հետո ընտանիքով տեղափոխվել էին Երեւան։ Կուրսի ղեկավար Լիլիթ Սահակյանը երանությամբ է վերհիշում նրա վերջին այցն ակադեմիա՝ արձակուրդի օրերին։ Երկար խոսել էին կյանքից, ծառայությունից, սիրած աղջկանից։

«Երեք եղբայր էին, ինքը մեծն էր։ Անսահման բարի, կիրթ, սկզբունքային տղա էր։ Մի կերպ էինք համոզել, որ մասնակցի ակադեմիայում անցկացվող «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» խաղին։ Ու իր շնորհիվ թիմը հաղթել էր։ Անընդհատ գրքեր էր կարդում, ամեն ոլորտի առնչվող նորությունից տեղյակ էր։ Սպորտով էր զբաղվում, միշտ լավ մարզավիճակում էր»,- պատմում է Լիլիթը։

Իր նպատակների մասին չէր խոսում, բայց կուրսղեկը վստահ է՝ դրանք տուն՝ Արցախ վերադառնալու մասին էին։ Երվանդը տիպիկ արցախցի էր՝ հաստատակամ ու լուրջ, իր առջեւ նպատակ էր դնում ու հասնում։ Ծառայության մասին հպարտությամբ էր խոսում․ էլ ո՞վ պիտի պաշտպանի իր հողը, եթե ոչ ինքը։ Աչքի առաջ վառ օրինակ ուներ՝ փրկարար հայրը, որը երկար տարիներ աշխատում է Ստեփանակերտի հրշեջ-փրկարարական ջոկատում։

Փառք ու խոնարհում քեզ, զինվո՛ր։

 

Լուսանկարը՝ Վահրամ ԱՎՈՅԱՆԻ