Այսօր՝ հոկտեմբերի 12-ին, Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանն ընդունել է Հայաստանում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան պարոն Նիկոլաս Յակոբ Սխերմերսին։ Հանդիպմանը մասնակցել են նաև դեսպանության քաղաքականության հարցերով պատասխանատու Լարիսա Հարությունյանը և ԱԻ նախարարի տեղակալ Դավիթ Համբարյանը։

Հանդիպման ընթացքում ԱԻ նախարարը շնորհակալություն հայտնեց հանդիպման նախաձեռնության համար և նշեց, որ Արտակարգ իրավիճակների նախարարությունը միշտ պատրաստ է ինչպես առկա համագործակցության խորացման, այնպես էլ նոր առաջարկների քննարկման համար:

Ի պատասխան դեսպանը շնորհակալություն հայտնեց ընդունելության համար, նշեց, որ դեսպանությունը նոր է սկսել իր առաքելությունը Հայաստանում և այժմ իր առջև ունի դրված խնդիր տարբեր ոլորտներում ակտիվացնելու հայ-նիդերլանդական համագործակցությունը, իսկ իր այցի հիմանական նպատկը արտակարգ իրավիճակների բնագավառում հնարավոր ուղղությունների նախանշումն է: Դեսպանը հատուկ մեջբերեց իր երկրի առաջնահերությունները համարվող երեք հիմնական ուղղությունները՝ ժողովրդավարություն, մարդու իրավունքներ և լավ կառավարման մեխանիզմներ: Նշեց, որ գենդերային հավասարության խնդիրը խիստ շեշտադրված է նիդերլանդական կառավարության քաղաքականության մեջ: Ի պատասխան նախարար Փամբուխչյանը հայտնեց, որ դեսպանի մեջբերած առաջնահերթությունները ամուր հիմքերի վրա դրված են թե´ ՀՀ կառավարության, թե´ ԱԻ նախարարության գործունեության հիմքում, և որ նախարարության կադրային քաղաքականությունը հիմնվում է հենց այս սկզբունքի վրա: Կանայք նախարարության և´ սպայական կազմում, և´ քաղաքացիական ծառայության համակարգում հավասար մրցութային հիմունքներով մասնակցում և զբաղեցնում են բարձր պաշտոններ, ինչպես նաև ստանում բարձր սպայական կոչումներ:

Առավել մանրամասն՝ այստեղ