Հոկտեմբերի 13–ին՝ Աղետների ռիսկի նվազեցման միջազգային օրը, Արտաշես Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոցում («Ֆիզմաթ» դպրոց) անցկացվեց «Օդային տագնապի» դեպքում անձնակազմի տարհանման եւ պատսպարման թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժանք՝ Արտակարգ իրավիճակների նախարարության «Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի» եւ ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի՝ UNICEF-ի հայաստանյան գրասենյակի նախաձեռնությամբ:

Ըստ սցենարի՝ հակառակորդը ռմբակոծել է ուսումնական հաստատությունը, կան հրդեհի օջախներ: Աստիճանավանդակի փլուզման հետեւանքով չորրորդ հարկում արգելափակվել է 15 աշակերտ: «Օդային տագնապ» ազդանշանով դպրոցի ողջ անձնակազմը տարհանվեց եւ պատսպարվեց ապաստարանում: ՃԿՊԱ փրկարար ծառայողները կատարեցին հրդեհաշիջում եւ պարանների միջոցով տարհանեցին շենքում մնացածներին: Վարժանքի ավարտին տարբեր տաղավարներում աշակերտները ծանոթացան փրկարարական գույք-սարքավորումներին:

ՃԿՊԱ փրկարարական ֆակուլտետի դեկան, փ/ծ գնդապետ Ռադիկ Մխիթարյանը նկատեց՝ երեխաները բավական պատրաստված էին, հետաքրքիր հարցեր էին ուղղում փրկարարներին: Տուժող-կամավորներին ընտրել եւ վերապատրաստել էր դպրոցի զինղեկը, որն օրերս փրկարար ծառայության պատվավոր գնդապետի կոչում է ստացել:

Միջազգային կարգի փրկարար Գեղամ Լալայանը շուրջ 20 տարի «Ֆիզմաթ» դպրոցում «Նախնական զինվորական պատրաստություն» է դասավանդում: Սիրում է իր աշակերտներին, նրանք էլ՝ իրեն: Փոխադարձ վստահությունն այնքան մեծ է, որ տեղյակ է բոլորի սիրային գաղտնիքներին: Իհարկե, կատակը՝ կատակ, բայց զինպատրաստության դասերին ամենայն լրջությամբ են վերաբերվում, հատկապես, որ մեր երկիրը պատերազմական վիճակում է: «Ես երեք պատերազմի մասնակից եմ, երկու անգամ վիրավորվել եմ: Այդ ամեն ինչը ես նրանց պատմում եմ առաջին դեմքով եւ իմ օրինակով ցույց տալիս, թե որքան անհրաժեշտ է իրազեկված ու պատրաստված լինելը»,- նշեց զինղեկը:

Փորձառու մանկավարժի միակ մտահոգությունն ապաստարանն է, որը դժվարությամբ է տեղավորում ողջ անձնակազմը՝ մոտ 1150 հոգի: Եթե առաջիկայում հարակից կաթսայատունը մաքրվի եւ ամբողջովին տրամադրվի դպրոցին, ապա պատսպարման խնդիրը կարելի է լիովին լուծված համարել:

Վարժանքին ներգրավված էր նաեւ «Ուսում» հանրակրթական դպրոցը, որը գործում է «Ֆիզմաթ» դպրոցի հանրակացարանի մասնաշենքում: Տնօրեն Սուսաննա Թամարյանն ասաց, որ տարեկան պլանով պարտադիր վարժանքներ ունեն, պարբերաբար հրավիրում են փրկարարների: Այս անգամ որոշվել էր մեկտեղել երկու դպրոցների վարժանքը՝ պատսպարման ճիշտ կազմակերպման ընթացքը հասկանալու համար:

10-րդ դասարանցի Արիանա Իսրայելյանն առաջին անգամ էր հանդես գալիս տուժողի դերում: Անմիջապես կամավորագրվել էր թիմին. բարձրությունից չի վախենում: Արիանայի խոսքով՝ տպավորություններն աննկարագրելի էին, իսկ ձեռք բերած փորձը կօգնի հետագայում ավելի վստահ գործել ու օգնության ձեռք մեկնել մյուսներին:

UNICEF-ի հայաստանյան գրասենյակի աղետների ռիսկի նվազեցման եւ կլիմայի փոփոխության բաժնի ղեկավար Վիգեն Շիրվանյանի խոսքով՝ արտակարգ իրավիճակներում երեխաների անվտանգության թեման կազմակերպության ուշադրության կենտրոնում է՝ ելնելով նրա ստանձնած մանդատից: ՃԿՊԱ-ի հետ համատեղ ուսումնավարժանք կազմակերպելու առաջարկը ստացել են ռեկտոր, փ/ծ գեներալ-մայոր Համլետ Մաթեւոսյանից, իրենք էլ աջակցություն են ցուցաբերել «Ֆիզմաթ» հատուկ եւ «Ուսում» հանրակրթական դպրոցներին՝ տրամադրելով անհրաժեշտ պարագաներով հագեցած առաջին օգնության ճամպրուկներ:

Արտակարգ իրավիճակների նախարարության տարբեր կառույցների եւ ՃԿՊԱ-ի հետ ՅՈՒՆԻՍԵՖ-ի համագործակցությունը տարիների փորձ ունի՝ քաղաքականության մշակման գործընթացներից, դպրոցների սեյսմիկ անվտանգության վերաբերյալ ուսումնասիրություններից, ուսուցիչների վերապատրաստման դասընթացների մշակումից մինչև դպրոցների ԱՌԿ պլանների մշակում, արտակարգ իրավիճակներին արձագանքում: Այս բոլորն իրականացվել է միասնական ջանքերով:

«Երեխաներին պետք է բացատրել անվտանգության խնդիրներն ու կանոնները, որպեսզի նրանք  հնարավորինս տեղեկացված լինեն, արտակարգ իրավիճակներում խուճապի չմատնվեն: Հաշվի առնելով այն, որ ապրում ենք մի շրջանում, որտեղ կան արտաքին վտանգներ, անվտանգային խնդիրներ, մշտական սեյսմիկ ռիսկ, բոլորս պետք է լուրջ մոտենանք այս հարցին, հասնենք նրան, որ արտակարգ իրավիճակներում մեր՝ մեծերիս եւ երեխաների գործողությունները դառնան գրեթե ավտոմատացված: Մեր նպատակն է այս ոլորտում  վարքագծային ու մշակութային փոփոխության հասնել»,- մանրամասնեց Վիգեն Շիրվանյանը՝ հավելելով, որ մյուս տարվա համար նույնպես ծրագրվում են տարբեր նախագծեր եւ միջոցառումներ:

 

Անի ԱՆՏՈՆՅԱՆ

Լուսանկարները՝ Վահրամ ԱՎՈՅԱՆԻ