Հոկտեմբերի 7-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի» միջին մասնագիտական կրթական ծրագրի «Կառավարում արտակարգ իրավիճակներում» մասնագիտության առաջին կուրսի եւ բակալավրի կրթական ծրագրի «Քաղաքացիական պաշտպանություն» մասնագիտության 20 ուսանող, դասախոս Աննա Ենգիբարյանի, մեթոդիստ Տաթեւ Հովակիմյանի եւ կուրսղեկ Սոնա Մանուկյանի ղեկավարությամբ, գիտաճանաչողական այցով եղան Տիեզերքի թանգարանում: Այցի ընթացքում ապագա փրկարարները ծանոթացան ֆիզիկայի եւ տիեզերագնացության հարուստ պատմության հետ, տեղեկացան, որ հայ գիտնականները եւս մեծ ավանդ ունեն այս ոլորտներում:

Թանգարանում ցուցադրված են  տիեզերական հետազոտությունների վաղ շրջանի բացառիկ նմուշներ` ստեղծված Հայաստանի մասնագետների կողմից. տիեզերքից վերադարձած վայրէջքային սարք, տիեզերքում եղած այլ սարքավորումներ, ՕՐԻՈՆ-2 աստղադիտարանի պատճենը, որը ցուցադրվել է  EXPO 2000 ցուցահադեսում եւ այլն:

Թանգարանը ֆոնդերում կան նաեւ տիեզերական հետազոտություններին առնչվող ուշագրավ փաստաթղթեր, այդ թվում ձեռագիր` Հայաստանում նախաթռիչքային պատրաստում անցած խորհրդային տիեզերագնացների, խորհրդային ВОСТОК, СОЮЗ տիեզերանավերի, այլ երկրների ճարտարագետների, գիտնականների մասին: Թանգարանի առավել հետաքրքիր  նմուշներից է Նոբելյան դափնեկիր Հանս Բեթեյի` միջուկային զենքի ստեղծման գլխավոր դեմքերից մեկի ձեռագիր հոդվածը, որը համահեղինակներից է հայ ականավոր ֆիզիկոս, աստղագետ, ՕՐԻՈՆ աստղադիտական կապի կայանների նախագծող Գրիգոր Գուրզադյանը:

Այցի ավարտին ակադեմիայի եւ թանգարանի ներկայացուցիչները փոխանակվեցին նվերներով եւ պայմանավորվեցին ձեւավորել ակտիվ համագործակցություն:

 

Լուսանկարը տրամադրել են ուսանողները