«Աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմ» (ԱՌՆԱՊ) հիմնադրամը եւ ՄԱԿ-ի մանկական հիմնադրամն (ՅՈՒՆԻՍԵՖ) իրականացնում են «Անվտանգ կրթական միջավայր երեխաների համար եւ դեռահասների մասնակցությունը, կլիմայական ռիսկերի գնահատում համայնքների համար» ծրագիրը,  որի բաղադրիչններից մեկը համայնքային մակարդակում կլիմայական ռիսկերի գնահատումն է։ Նպատակն է 2012 թվականին մշակված «Տեղական մակարդակում ռիսկի կառավարում» (ՏՄՌԿ) մեթոդաբանության մեջ ներառել կլիմայական ռիսկի գնահատման գործիքակազմ: Այս մեթոդաբանությունն արդեն կիրառվել է Հայաստանի մոտ 300 բնակավայրում։ Գործիքակազմն ուղղված է համայնքներում աղքատության նվազեցմանը, բնական ռեսուրսների պլանավորմանն ու կառավարմանը, աղետներին պատրաստվածությանը, կլիմայի իմացությանը եւ այլն։

ԱՌՆԱՊ հիմնադրամի ծրագրի ղեկավարի օգնական Վահան Հարությունյանը նշեց, որ ծրագրային փորձագետներն արդեն ուսումնասիրել են կլիմայական ռիսկի գնահատման միջազգային փորձը, մեխանիզմները, ՏՄՌԿ մեթոդաբանության մեջ դրանց ներառման հնարավորությունն ու ուղիները։

Առաջին փորձարկումն արվել է Ալավերդի եւ Թումանյան համայնքներում, որտեղ ԱՌՆԱՊ փորձագետներն ու կլիմայական ռիսկի գնահատման ուղղությամբ վերապատրաստված համայնքային խմբերը օգոստոս-սեպտեմբեր ամիսներին իրականացրել են կլիմայական ռիսկի բացահատմանն ուղղված դաշտային աշխատանքներ: Արդյունքում վերհանվել են կլիմայական ռիսկերի հետ կապված համայնքային խնդիրներ, կազմվել են առաջարկություններ, որոնք վերջնական տարբերակով կտրամադրվեն համայնքի վարչակազմին։

Նոյեմբերի 25-26-ն Աղվերանում կայացած աշխատաժողովում կատարված աշխատանքները ներկայացվեցին նաեւ ԱՌՆԱՊ գործընկերներին։ Մասնակիցների թվում էին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի» դասախոսներ Հասմիկ Հարությունյանն ու Անի Գեւորգյանը։ Դասախոսությամբ հանդես է եկել ՃԿՊԱ ռեկտոր, փ/ծ գեներալ-մայոր Համլետ Մաթեւոսյանը։

Անի Գեւորգյանի խոսքով՝ բովանդակային առումով հանդիպումը հագեցած էր։ Խոսվեց ոչ միայն կլիմայական, այլեւ առհասարակ համայնքին սպառնացող ռիսկերից՝ սողանքավտանգ գոտիներ, սելավատարերի խցանվածություն, գյուղերում ամբուլատորիաների բացակայություն, ռիսկերի գնահատման համար մարդկային ոչ բավարար ռեսուրսներ եւ այլն։ Գործիքակազմի շնորհիվ ստացված տեղեկությունը կօգնի դոնոր կազմակերպություններին ավելի լավ պատկերացում կազմել համայնքի մասին եւ ներդրում կատարել․ «Տերմինաբանության խնդիր կա թե՛ համայնքային ղեկավարության, թե՛ բնակչության շրջանում։ Որպես ոլորտի ավելի փորձառու կառույց՝ ՃԿՊԱ-ն առաջիկա մեկ շաբաթում այս մասով իր առաջարկները կներկայացնի»։

Դասախոսի խոսքով՝ դասընթացավարները բավական նոր տեղեկություն փոխանցեցին համայնքային վերջին ծրագրերի ու տարբեր համայնքներին սպառնացող վտանգների մասին, ինչը պարտադիր կներկայացվի ՃԿՊԱ ուսանողներին։

Հասմիկ Հարությունյանը հավելեց, որ խմբային քննարկումների արդյունքում իրենք առաջարկել են գործիքակազմում փոփոխություններ կատարել։ Հանդիպման կարեւոր շեշտադրումներից մեկը եղել է կլիմայական ռիսկերի գնահատման փորձագետների պատրաստումը։

Աշխատաժողովի արդյունքները կամփոփվեն, կլրամշակվեն եւ կտրամադրվեն լիազոր գերատեսչություններին, եւ այն կդառնա տեղական մակարդակում ռիսկերի գնահատման միասնական ընդունված ձեւաչափ:

Անի ԱՆՏՈՆՅԱՆ

Լուսանկարները տրամադրել են մասնակիցները