Նոյեմբերի 30-ին, Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի Մանկավարժության ամբիոնի նախաձեռնությամբ անցկացվել է «Սոցիալ-մշակութային միջավայրի ազդեցությունը մանկության վրա. մարտահրավերներ եւ լուծումներ» խորագրով առցանց գիտաժողով, որին մասնակցել է հայկական, բելառուսական, ռուսական բուհերի մոտ 40 մասնագետ, այդ թվում՝ ԱԻՆ «Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի» դասախոս, Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարանի հայցորդ Ռուզաննա Ղարիբյանը: Ներկայացվել են ընտանիքին եւ երեխային վերաբերող զեկույցներ. «Միջավայրի դերն ու ազդեցությունը դպրոցականների մասնագիտական կողմնորոշման գործընթացում», «Մեդիա միջավայրի ազդեցությունը երեխաների լեզվամտածողության եւ հաղորդակցման կարողությունների ձեւավորման վրա», «Ընտանիքի ազդեցությունը երեխայի ճանաչողական եւ հուզակամային ոլորտների զարգացման վրա», «Անիմացիոն ֆիլմերի ազդեցությունը երեխայի դաստիարակության գործընթացում», «Մանկության եւ սոցիալ-մշակութային միջավայրի փոխհարաբերությունները Մարկ Տվենի ստեղծագործություններում», «Բարենպաստ կրթական միջավայրի ապահովման մանկավարժական պայմանները ներառական կրթություն իրականացնող դպրոցներում», «Գյուղական դպրոցի սոցիալ-մշակութային միջավայրի ձեւավորման առանձնահատկությունները» եւ այլն:

Ռուզաննա Ղարիբյանը ներկայացրել է «Դպրոցականի անվտանգության մշակույթի դաստիարակումը, որպես սոցիալ-մշակութային եւ մանկավարժական գործընթաց» թեմայով զեկույց:

Ռուզաննա Ղարիբյանի ուսումնասիրության համաձայն, դպրոցականի անվտանգության մշակույթի դաստիարակման, որպես սոցիալ-մանկավարժական գործընթաց պետք է ընդգրկի մի շարք տեսանկյուններ. էական հմտությունների եւ կարողությունների ձեւավորում, անվտանգ կյանքի համար հատուկ տեսական նախապատրաստություն, ընդհանուր խնդիրների ընկալում, հոգեբանական պատրաստություն եւ այլն: Իսկ անվտանգության մշակույթի դաստիարակման համար պետք է պահպանվեն հետեւյալ սկզբունքները՝ ուսուցչակենտրոն ուսուցման փոխարեն աշակերտակենտրոն ուսուցում, կրթության ներառական համակարգեր, կրթություն ողջ կյանքի ընթացքում: