«Ակադեմիան ունի կարեւոր դերակատարում ու պատասխանատվություն արտակարգ իրավիճակների նախարարության համակարգի ստորաբաժանումների համար համապատասխան մասնագիտական բարձր պատրաստվածությամբ, խոր գիտելիքներով օժտված եւ գործնական հմտություններ ունեցող բարձրորակ կադրերի (այդ թվում նաեւ փրկարարական ծառայողների) պատրաստման գործում, ժամանակակից գիտատեխնիկական ու դասավանդման մեթոդների կիրառմամբ քաղաքացիական պաշտպանության եւ արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության բնագավառում», — մեզ հետ զրույցում ասաց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի» գիտական եւ ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր, տեխնիկական գիտությունների թեկնածու, դոցենտ Հայկանդուխտ Ղարիբյանը:

Նրա խոսքով, 2015 թվականից սկսած ակադեմիան պարբերաբար վերանայում է մագիստրոսի, բակալավրի եւ միջին մասնագիտական կրթական ծրագրերի ցանկն աշխատաշուկայի պահանջներին համապատասխան: Այդ վերանայման արդյունքում էլ վերջին 5 տարում բակալավրի եւ մագիստրոսի կրթական ծրագրերով մասնագիտությունների ցանկը համալրվել է պահանջարկ վայելող մասնագիտություններով եւ մասնագիտացումներով: Բակալավրի կրթական ծրագրով ներմուծվել է 2 մասնագիտացում, մագիստրոսի կրթական ծրագրով՝ 4 մասնագիտություն. «2018 թվականին, ՀՀ կրթության գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունն ակադեմիային թույլատրել է իրականացնել «Հոգեբանություն» հեռակա ուսուցմամբ եւ 2020 թվականին՝ «Իրավագիտություն (Ճգնաժամային իրավունք)» առկա ուսուցմամբ մագիստրոսի կրթական ծրագրեր»:

Ակադեմիայում շարունակվում է 2021-2022 ուսումնական տարվա ընդունելությունը մագիստրոսի կրթական ծրագրով՝ հեռակա ուսուցմամբ՝ 5 եւ առկա ուսուցմամբ՝ 1 մասնագիտությունների գծով.

Հեռակա ուսուցմամբ.

1. Կառավարում (Ճգնաժամային կառավարում).

2. Անվտանգությունն արտակարգ իրավիճակներում (Փրկարարական գործ).

3. Հոգեբանություն,

4. Կիրառական երկրաբանություն,

5. Նախնական զինվորական պատրաստություն:

Առկա ուսուցմամբ.

1. Ճգնաժամային իրավունք:

«Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի» ուսանողների հետազոտական եւ գիտամանկավարժական պրակտիկաներն անցկացվում են ոչ միայն ակադեմիայում, այլ նաեւ՝ արտակարգ իրավիճակների նախարարության համապատասխան ստորաբաժանումներում, Սահմանադրական դատարանում, հոգեբանական աջակցության կենտրոններում՝ հարստացնելով եւ ամրապնդելով մասնագիտական գիտելիքները, կարողությունները, յուրացնելով մասնագիտական հնարքներն ու տեխնոլոգիաները եւ կիրառելով դրանք գործնականում:

«Ակադեմիայի կրթական ծրագրերի համադրումը ցույց է տալիս, որ մագիստրոսի կրթական ծրագրերում ակնկալվող կրթական վերջնարդյունքները լիովին համապատասխանում են որակավորումների ազգային շրջանակում՝ ՈԱՇ-ում, ամրագրված վերջնարդյունքներին: Կրթական ծրագրերն ունեն հստակ սահմանված եւ հրապարակված նպատակներ, ակնկալվող կրթական վերջնարդյունքներ եւ դասավանդման, ուսումնառության ու գնահատման ընտրված մեթոդներ, որոնք նպաստում են ուսանողների կողմից այդ վերջնարդյունքների ձեռքբերմանը:

Մագիստրոսական թեզերի թեմաների մեծ մասն ուղղված է քաղաքացիական պաշտպանության եւ արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության բնագավառին, անվտանգության մշակույթի ձեւավորմանն ու զարգացմանը», — ամփոփեց Հայկանդուխտ Ղարիբյանը: