ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի հրամանով,անցած շաբաթ, «Լոռէ» փրկարար ջոկատի բազայում (Լոռու մարզ, Ստեփանավան) անցկացվել է «Անօդաչու թռչող սարքերի շահագործում» թեմայով եռօրյա դասընթաց, որին մասնակցել է 15 փրկարար՝ ԱԻՆ փրկարար ծառայության փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնից, Երեւանի եւ բոլոր մարզային փրկարարական վարչություններից: Դասընթացը վարել են ԱԻՆ «Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի» մասնագետներից ձեւավորված անօդաչու թռչող սարքերը որոնողափրկարարական աշխատանքներում օգտագործելու հարցերով զբաղվող գիտահետազոտական խմբի ղեկավար, տեխնիկական գիտությունների թեկնածու Արտավազդ Հովհաննիսյանն ու անդամ Վարդան Սարգսյանը:

Երեք օրում եղել են թե դասախոսություններ, թե գործնական՝ դաշտային աշխատանքներ, թե հարցուպատասխան ձեւաչափով քննարկումներ: ՃԿՊԱ մասնագետները խոսել են հետեւյալ թեմաներից. ԱԹՍ-ների տարատեսակները եւ նրանց հնարավորությունները, ԱԹՍ-ների շահագործման անվտանգության կանոնները,« ԱԹՍ-ների թռիչքի նախապատրաստման գործընթացը, ԱԹՍ-ների թռիչքի կառավարման ծրագրային ապահովման հնարավորությունները, ծանուցումները եւ զգուշացումները եւ այլն:

ՃԿՊԱ մասնագետների խոսքով, արդյունքները գոհացուցիչ են: «Անօդաչու թռչող սարքերի շահագործում» դասընթացի հաջորդ փուլերի մասին՝ առաջիկայում:

Արամ ԶԱՔԱՐՅԱՆ

Լուսանկարները տրամադրել են դասընթացի մասնակիցները