ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի նախաձեռնությամբ, սեպտեմբերի 25-ին տեղի ունեցավ «Աղետների լուսաբանում» թեմայով առ-ցանց սեմինար, որին մասնակցում էին Հայաստանի հինգ բուհի (ճգնաժամային կառավարման պետական ակադեմիա, Երեւանի պետական համալսարան, Երեւանի պետական համալսարանի Իջեւանի մասնաճյուղ, Բրյուսովի անվան պետական համալսարան, Սլավոնական համալսարան) ավելի քան 50 ուսանող, փորձագետներ արտակարգ իրավիճակների նախարարությունից, ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայից, ճապոնական «ՕՅՕ» միջազգային կորպորացիայից: Բանախոսն էր Ճապոնական հանրային NHK հեռուստակորպորացիայի հեռարձակման մշակույթի հետազոտական ինստիտուտի մեդիա հետազոտությունների եւ կրթական ծրագրերի բաժնի ավագ գիտաշխատող տիկին Սայակա Իրիեն: Քանի որ այս օրերին աշխարհին պատուհասած աղետը COVID-19 վարակն է, բանախոսը ելույթը կառուցել էր հենց այս աղետի լուսաբանման հենքի վրա:

Պարզվեց, որ Հայաստանում, Ճապոնիայում կամ ցանկացած այլ երկրում մարդիկ շատ արագ են հավատում ապատեղեկատվությանը: Ինչպես Հայաստանում, այնպես Ճապոնիայում, արտակարգ դրություն հայտարարելու առաջին օրը մարդիկ ենթադրելով, որ պարենի, կենցաղում անհրաժեշտ ապրանքների սուր պակաս է զգացվելու, շտապել են խանութներ ու մեծ հերթեր են գոյացել: «Կարեւոր է հուսալի, հավաստի տեղեկությունը, հարկավոր է հերքել ապատեղեկատվությունը, նախքան մարդիկ քայլեր կձեռնարկեն», — հայտարարեց Սայակա Իրիեն: Խնդիրն այն է, սակայն, որ տեղեկատվական տեխնոլոգիաների մեր օրերում տեղեկությունը շատ արագ է տարածվում, սրան նպաստում են սոցիալական կայքերը: Որոշ լրատվամիջոցներ էլ քանակի հետեւից ընկնելով, մոռանում են որակի մասին ու առանց ստուգելու տարածում սոցիալական կայքերի գրառումները: Այդպես Ճապոնիայում լուրեր են տարածվել, թե զուգարանի թուղթ չի լինելու ու բոլորը վազել են խանութներ՝ զուգարանի թղթի պաշար հավաքելու: Հեռուստաընկերությունները տեսանյութեր են տարածել, ցույց տվել, որ զուգարանի թուղթ արտադրող ընկերությունն աշխատում է բնական ռեժիմով պահեստները լիքն են եւ այլն: «Տեղեկության հուսալիությունն առաջնահերթ համարող լրատվամիջոցները սկսում են հերքել ապատեղեկատվությունը, բայց մարդիկ չեն հավատում, որովհետեւ խանութներում զուգարանի թուղթ չկա», — նկատեց բանախոսը, կրկնելով՝ հարկավոր է հերքել ապատեղեկատվությունը, նախքան մարդիկ քայլեր կձեռնարկեն:

Արամ ԶԱՔԱՐՅԱՆ

Լուսանկարները՝ «ՕՅՕ» միջազգային կորպորացիայի