ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում դեկտեմբերի 24-25-ը կայացավ «Ճգնաժամային կառավարում» եւ «Փրկարարական գործ» մասնագիտությամբ 2019-2020 ուսումնական տարվա հեռակա ուսուցմամբ 20 մագիստրոսի թեզերի պաշտպանությունը։

Թեմաները հետեւյալն էին՝ «Հետաղետային կարիքների գնահատում», «Հրդեհաշիջման կազմակերպումը ՀԱԷԿ-ում եւ մոնիթորինգ», «Գյուղատնտեսության մեջ օգտագործվող քիմիական նյութերը եւ դրանց մոնիթորինգը որպես բնակչության կենսաբանական պաշտպանության բաղադրիչ», «Ուժեղ երկրաշարժի դեպքում Երեւան քաղաքի բնակչության տարհանման գործընթացի վերլուծություն», «Տնտեսագիտական սիներգետիկան եւ հակաճգնաժամային կառավարումը», «ՀՀ տնտեսական անվտանգության հեռանկարները», «Ատոմային էներգետիկայի  անվտանգ օգտագործման ռազմավարությունը», «ՀՀ տարածք նոր եւ անսովոր վարակիչ հիվանդությունների  ներթափանցման ռիսկերը», «Քիմիական օբյեկտների վթարների հետեւանքները եւ դրանց կանխատեսումը», «ՀԱԷԿ-ի միջուկային կամ ճառագայթային վթարների դեպքում փրկարարական անհետաձգելի աշխատանքների իրականացման վերլուծությունը» եւ այլն։

«Ճգնաժամային կառավարում» ամբիոնի վարիչ, մանկավարժական գիտությունների դոկտոր-պրոֆեսոր Վաչիկ Բրուտյանի հաղորդմամբ՝ թեմատիկ ընտրությունը հաստատվել է դեռ 2,5 տարի առաջ, ղեկավար են ընտրվել ոլորտի առաջատար մասնագետները։ «Չնայած մագիստրոսական աշխատանքներում տեսական հետազոտության մեթոդների կիրառությունը դեռ թերի է, բայց ներկայացվեցին գիտական լուրջ վերլուծություններ տնտեսական ճգնաժամերի, Հայկական ատոմակայանի անվտանգության կառավարման խնդիրների, հրդեհային անվտանգության եւ հետաղետային կարիքների գնահատման վերաբերյալ։ Աշխատանքներից չորսն ատոմակայանի անվտանգության թեմայով էին։ Մագիստրոսներից Տիգրանն առաջարկեց այս թեմայի առնչությամբ հետագայում հրավիրել ատոմակայանի նեղ մասնագետներին՝ փոխտնօրեն, բաժնի ղեկավար եւ այլն, կազմակերպել բանավեճ»,- մանրամասնեց Վաչիկ Բրուտյանը։

Փրկարարական ամբիոնի վարիչ, փ/ծ գնդապետ Կարեն Զիրաքյանը «Փրկարարական գործ» մասնագիտության մագիստրոսների առաջարկներից  առանձնացրեց մասնագիտական եւ ֆիզիկական պատրաստվածության բարձրացմանն ուղղված քայլերը, մասնավորապես՝ նոր վարժահրապարակների ներդրումը։

Մագիստրոսների ներկայացված առաջարկները կքննարկվեն ամբիոնների առաջիկա նիստում։ Այս ուսումնական տարվա շրջանավարտներից 17-ն արդեն իսկ աշխատում է արտակարգ իրավիճակների նախարարության տարբեր ստորաբաժանումներում, երկուսը՝ այլ կառույցներում։

Անի ԱՆՏՈՆՅԱՆ

Լուսանկարները՝  Վահրամ ԱՎՈՅԱՆԻ