Օգոստոսի 18-ին կայացավ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի շրջանավարտներ Սամվել Կոստանդյանի եւ Ռաիսա Մեսրոպյանի պսակադրությունը։

Արկածներով ու փորձություններով լի երկու տարիներն ավելի էին բորբոքել սիրո կայծը, որը ծնվել էր երիտասարդների սրտում ուսումնական վարժանքի ժամանակ։ «Ես ու Ռաիսան առաջին օգնության խմբում էինք, երեք շաբաթ շարունակ «բախվում» էինք միմյանց, համատեղ աշխատանքներ կատարում։ Առաջին հայացքից տարվեցի նրանով․ եւ՛ գեղեցիկ էր, եւ՛գործին լավ  էր տիրապետում»,- ժպիտով վերհիշում է 24-ամյա Սամվելը։

Սիրո խոստովանությունը երկար սպասեցնել չտվեց․ Ռաիսայի ընկերների  հետ նախապես պայմանավորվածությամբ՝ երիտասարդները հանդիպեցին ակադեմիայի լսարաններից մեկում եւ որոշեցին այդուհետ միասին անցնել կյանքի ուղին։  

22-ամյա Ռաիսան խոստովանում է՝ իրեն գրավել է Սամվելի հոգատարությունը, բարությունն ու ռոմանտիկան։ Ո՞ր աղջիկը չի երազում ջերմ վերաբերմունքի, ծաղկեփնջերի եւ հաստատակամ տղամարդու կողակիցը լինելու մասին։ 

Իրենց ընկերության լավագույն դրվագներից Ռաիսան առանձնացնում է 2018 թվականի մեծամասշտաբ հանրահավաքի օրերը, երբ ամբոխին խառնված՝ քայլում էին փակ փողոցներով եւ պատկերացնում իրենց երեխաներին։ 

Այդ օրերի միակ մտահոգությունն աշխատանքն էր․ մասնագիտությամբ փրկարար Սամվելն արտաքին գովազդի արտադրամասում էր տեղավորվել, իսկ Ռաիսան տակավին ուսանող էր «Ճգնաժամային կառավարում» բաժնում։ Երկուսն էլ երազում էին իրենց մասնագիտությամբ աշխատել։ 

Շուտով սիրահարները որոշեցին կարճել Երեւան-Աշտարակ ճանապարհն ու նույն տանիքի տակ ապրել։ Մինչ Սամվելն ու Ռաիսան զբաղված էին հարսանիքի նախապատրաստական թոհուբոհով, նրանց ընկերոջ անակնկալը չուշացավ․ Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանի թույլտվությամբ՝ երիտասարդներին հարսանյաց սրահ ուղեկցեցին հրշեջ-փրկարարական մեքենաները, իսկ հանդիսության սկզբում հայտարարվեց նախարարի որոշումը՝ նորապսակներին աշխատանքի ընդունել փրկարար ծառայությունում։ 

Այսօրվանից սկսվում է զույգի առաջին ճամփորդությունը․ առջեւում նոր քաղաքներ են, նոր զգացողություններ, սրտում՝ հավատ առ ապագա։ 

Անի ԱՆՏՈՆՅԱՆ

Լուսանկարները՝  Վահրամ ԱՎՈՅԱՆԻ