ՀՀ արտակարգ իրավիճակների նորանշանակ նախարար Անդրանիկ Փիլոյանը ԱԻՆ
համակարգի տարբեր ստորաբաժանումներին ծանոթանալու այցերի շրջանակներում
այսօր այցելել էր ԱԻՆ ճգնաժամային կառավարման պետական ակադեմիա:

Ակադեմիայի շենքային պայմաններին եւ տեխնիկական հագեցվածությանը
ծանոթանալուց հետո Անդրանիկ Փիլոյանը նախ զրուցեց ՃԿՊԱ աշխատակիցների
հետ, ապա խորհրդակցություն անցկացրեց բուհի ղեկավար կազմի հետ:

Անդրանիկ Փիլոյանը 1989-1994 հատվածում մասնակցել է Հայաստանի եւ Արցախի
սահմանների պաշտպանությանը: 1993 թվականին նշանակվել է Զինված ուժերի
զորամասերից մեկի հետախուզության պետ: Նախքան ԱԻ նախարար նշանակվելը
Զինված ուժերի հինգերորդ բանակային կորպուսի հրամանատարն էր: «Պատրաստ
եմ ծառայել նաեւ արտակարգ իրավիճակների նախարարությունում, ջանքեր ներդնել
համակարգում կատարվող աշխատանքների որակը բարձրացնելու համար»,- ասաց
նախարարը:

Իսկ ակադեմիայում շրջայցից հետո նախարարը հայտարարեց. «Ահռելի աշխատանք
է արված եւ կա հոգատարություն, որը փոխանցվում է ուսանողներին՝ ապագա
փրկարարներին: Այսպիսի քիչ բուհեր կան, պետք է անենք առավելագույնը, որ բուհը
դառնա հանրապետությունում լավագույններից մեկը, եթե ոչ՝ լավագույնը»: Ըստ
նախարարի, ՃԿՊԱ շրջանավարտները պիտանի եւ մրցունակ են այլ
բնագավառներում եւս:

Այսօր ակադեմիան ունի մոտ 1200 ուսանող: Մինչ օրս ակադեմիան ավարտել է մոտ 2500 մարդ: Շուրջ 400-ն աշխատում է ԱԻՆ համակարգի տարբեր ստորաբաժանումներում: Համակարգի ավելի քան 150 ծառայող եւ աշխատակից էլ աշխատանքի անցնելուց հետո է ընդունվել ՃԿՊԱ՝ բակալավրի կամ մագիստրոսի կրթական ծրագրերի հեռակա ուսուցման տարբեր մասնագիտություններով: ՃԿՊԱ ավելի քան 350 շրջանավարտ աշխատում է ուժային այլ կառույցներում՝ զինված ուժեր, ոստիկանություն, ազգային անվտանգության ծառայություն:

Արամ ԶԱՔԱՐՅԱՆ

Լուսանկարները՝ Վահրամ ԱՎՈՅԱՆԻ