Միավորված ազգերի կազմակերպության տոնացույցով, հոկտեմբերի 13-ին նշվում է աղետների նվազեցման միջազգային օրը (International Day for Disaster Reduction):

Օրն առաջին անգամ նշվել է 1989 թվականին եւ անվանվել տարերային աղետների վտանգների նվազեցման միջազգային օր, իսկ 2009 թվականից կոչվում է աղետների նվազեցման միջազգային օր: Նման օր հայտարարելու նպատակն է բարձրացնել աղետների ռիսկի նվազեցման ուղղությամբ տարվող աշխատանքների մասին հանրության իրազեկվածության մակարդակը:

Տոնի առիթով ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման պետական ակադեմիան հրատարակել է «Աղետների լուսաբանման ուղեցույց» գրքույկը: Սա ճապոնական հեռարձակող կորպորացիայի (Nippon Hoso Kyokai` NHK) 1997 թվականին ընդունած «Հեռարձակման ուղեցույցի» աղետների լուսաբանման գլուխն է:

Գրքույկում ներկայացված է այս կամ այն աղետի գոտի մտնելիս անվտանգության կանոնները: Օրինակ. չմտնել այն բնակավայրեր, որտեղ հայտարարված է տարհանում կամ պատսպարում: Ձեռնարկի նպատակը աղետների ռիսկի կառավարման ոլորտում կառավարության սահմանած նպատակների իրականացմանն աջակցելն է: