Օրերս Գինեսի ռեկորդների բյուրոն հաստատեց Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի ուսանող, եռամարտ եւ մաս-ռեստլինգ մարզաձեւերի բազմակի մրցանակակիր Յուրի Սաքունցի ռեկորդը․ նա ատամներով տեղաշարժել էր 25 տոննա կշռող հրշեջ-փրկարարական մեքենան։

Սա «Գինեսի ռեկորդների գրքում» երիտասարդի երրորդ արդյունքն է։ Նա կարողացել է ֆուտբոլի երեք գնդակների վրա մեկ րոպեում 86 անգամ «hենում-ծալում» կատարել, իսկ 2017 թվականին ճկույթ մատով քաշել 44 տոննա կշռող երկու գնացքի վագոն։ «Ռեկորդ սահմանելը դժվար է թե՛ ֆիզիկապես, թե՛ հոգեպես։ Ինձ համար սա հերթական աստիճանն է սպորտում։ Նաեւ հաճելի է, երբ մարդիկ սկսում են քեզ ճանաչել։ Զուտ ֆիզիկական ուժի հետ կապված՝ շատ ռեկորդներ կարելի է ունենալ․ ես աշխատում եմ շեշտը դնել վարժության հետաքրքիր եւ անհաղթահարելի լինելու վրա»,- նշում է Յուրին։

Չի փորձում գերազանցել ուրիշների ռեկորդները, այլ  ունենալ իր «ասելիքը»։ Ամեն հաջողության հետ ավելի է կոփվում, կատարելագործվում։

Հաջորդ ամիս մարզիկի երկրպագուներին սպասվում է երկու նոր  անակնկալ՝ ռեկորդի տեսքով։

Նշենք, որ Յուրին նաեւ հայկական «Դյուցազնագրքի» 15 ռեկորդի հեղինակ է։

 

Անի ԱՆՏՈՆՅԱՆ

Լուսանկարները՝ Վահրամ ԱՎՈՅԱՆԻ