ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի հրամանով հաստատված պլանի համաձայն, փետրվարի 4-6-ը արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում անցկացվել է «Որոնողափրկարարական հարցերով միջազզգային խորհրդատվական խմբի» (The International Search and Rescue Advisory Group` INSARAG) չափանիշներով վերապատրաստման դասընթաց՝ «Համակողմանի ապահովում» թեմայով: Դասընթացին մասնակցել է 13 փրկարար՝ փրկարար ծառայության փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնից, Շիրակի, Սյունիքի, Տավուշի, Լոռու մարզերի փրկարարական վարչություններից:

Դասընթացի թեմաներն էին. « INSARAG-ի արտաքին որակավորման չափանիշներին համապատասխան քաղաքային որոնողափրկարարական՝ ՔՈՓ թիմերի կառուցվածքն ու հնարավորությունները», «Համակողմանի ապահովման ընդհանուր բնութագիրը», «ՔՈՓ թիմի նյութատեխնիկական միջոցների պահեստավորմանը ներկայացվող պահանջները», «Գույքի եւ նյութատեխնիկական միջոցների բեռնման, տեղափոխման եւ բեռնաթափման կառավարումը», «ՔՈՓ թիմի ժամանակավոր տեղակայման բազայի եւ աշխատանքների տեղամասերի հրդեհային անվտանգության ապահովումը», «ՔՈՓ թիմի փոքր մեխանիզացիայի եւ տրանսպորտային միջոցների տեխնիկական սպասարկումը» եւ այլն:

Այս տարի նախատեսված փրկարարների վերապատրաստման 13 դասընթացից 7-ը INSARAG-ի չափորոշիչներով է: «Համակողմանի ապահովում» վերապատրաստումը այս տարվա երկրորդն էր: Հունվարի 21-23-ը անցկացվել է «Միջազգային որոնողափրկարարական աշխատանքների կազմակերպման ղեկավար կազմի վերապատրաստում» դասըթնացը:

Արամ ԶԱՔԱՐՅԱՆ

Լուսանկարները՝ Վահրամ ԱՎՈՅԱՆԻ