ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի հրամանով հաստատվել է արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում փրկարարական ծառայողների 2020 թվականի վերապատրաստման դասընթացների անցկացման պլան-ժամանակացույցը: Ըստ դրա կկազմակերպվի 24-80 ժամյա 13 դասընթաց, որոնց կմասնակցի 319 փրկարար: Բացի սրանից, ՃԿՊԱ դասախոսները կգործուղվեն մարզային փրկարարական վարչություններ՝ վերապատրաստումներ կազմակերպելու նպատակով:

ՃԿՊԱ-ում կազմակերպվելիք 13 դասընթացից 7-ը Միավորված ազգերի կազմակերպության հովանու ներքո գործող «Որոնողափրկարարական հարցերով միջազգային խորհրդատվական խմբի» (The International Search and Rescue Advisory Group՝ INSARAG) չափանիշներով է: Դասընթացների թեմաներն են. «Համակողմանի ապահովում», «Տակելաժային աշխատանքների  կառավարում», «Տեխնիկական որոնում», «Վթարափրկարարական տեխնիկական միջոցների կիրառում», «Բարձրությունների վրա փրկարարական աշխատանքների կազմակերպում՝ պարանային աշխատանք» եւ այլն:

Սրան զուգահեռ, ՃԿՊԱ փրկարարական ֆակուլտետում կկազմակերպվի զինված ուժերի, ոստիկանության, ազգային անվտանգության ծառայության ստորաբաժանումների անձնակազմի, ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի «911» ծառայության կենտրոնական ահազանգման կենտրոնի կրտսեր հրահանգիչների եւ փորձնակների, վարորդ-փրկարարների ուսուցում, ԱԻՆ փրկարար ծառայություն ընդունվող անձնակազմի եռամսյա փորձաշրջան, հրշեջ-փրկարարական ուսանողական ցուցադրական վարժանք:

ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում փրկարարների վերապատրաստումներ կազմակերպվում են ամեն տարի եւ մշտապես դրանց մասնակցում են պլանով նախատեսվածից ավելի շատ փրկարար: Մասնավորաբար.

2016 թվականին նախատեսված մոտ 300 փրկարարի փոխարեն վերապատրաստվել է 494 փրկարար, եռամսյա ուսումնական փորձաշրջան անցել 326 նոր աշխատող:

2017 թվականին նախատեսված մոտ 300 փրկարարի փոխարեն վերապատրաստվել է 457 փրկարար, եռամսյա ուսումնական փորձաշրջան անցել 260 նոր աշխատող

2018 թվականին նախատեսված մոտ 300 փրկարարի փոխարեն վերապատրաստվել է 471 փրկարար, եռամսյա ուսումնական փորձաշրջան անցել 320 նոր աշխատող:

2018 թվականին նախատեսված մոտ 319 փրկարարի փոխարեն վերապատրաստվել է 454 փրկարար, եռամսյա ուսումնական փորձաշրջան անցել 219 նոր աշխատող:

Արամ ԶԱՔԱՐՅԱՆ