Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացումը, էլեկտրոնային նոր գործիքների կիրառումը նկատելի է բոլոր ոլորտներում՝ աղետների ռիսկի նվազեցումից մինչեւ ամենօրյա գնումներ: Սրան զուգահեռ աճում են նույն էլեկտրոնային գործիքները ի չարս օգտագործելու դեպքերը: Ամենատարածվածը բանկային հաշվեհամարից անկանխիկ գումար հափշտակելն է:

Սա նկատի ունենալով էլ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի դասախոսների, ուսանողների եւ ակադեմիայում վերապատրաստվող փրկարարների համար կազմակերպվել էր բանկային քարտերի անվտանգ օգտագործման մասին զեկույց, որը ներկայացրեցին Հայաստանի առաջատար բանկերից մեկի մասնագետները:

Անկանխիկ տիրույթը եւ անհպում վճարումների համակարգերը գնալով աճում են: Եվրոպական շատ երկրներ կան, որտեղ ողջ շրջանառության միայն երկու տոկոսն է կանխիկ, անկանխիկ վճարման սարքեր են օգտագործում նաեւ Երեւանի Վերնիսաժում: Այս պայմաններում պարզապես անհրաժեշտ է զգույշ լինել: Որովհետեւ, եթե բանկային քարտի կորուստը չի նշանակում գումարի կորուստ, ապա քարտի գաղտնաբառը այլ մարդու հայտնելը կամ քարտի վրա գրելը նշանակում է անվտանգության էական նվազում, ռիսկ, որ քարտըի կորստի դեպքում  կկորցնեք նաեւ գումարը:

Բանկային համակարգի մասնագետները խորհուրդ են տալիս օգտվել անկանխիկ վճարումների ժամանակակից համակարգերից՝ անհպում քարտեր, էլեկտրոնային դրամապանակներ եւ այլն: Սրանք ունեն պաշտպանվածության բարձր աստիճան, բայց ուշադիր լինելը պարտադիր է: