Մարտի 29-ին ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման պետական ակադեմիա էր այցելել Համաշխարհային բանկի աղետների ռիսկի կառավարման մասնագետ Թաֆադզուա Դուբեի գլխավորած պատվիրակությունը՝ քննարկելու հնարավոր համագործակցության ուղղությունները: ՃԿՊԱ-ՀԲ արդյունավետ համագործակցության փորձ կա: Մասնավորաբար «Սուպեր Դավիթ» առցանց խաղի մշակման ու գործարկման հարցում Համաշխարհային բանկը ներդրում է ունեցել:

Թաֆադզուա Դուբեն տեղեկացրեց, որ ՀԲ-ն մտադիր է համագործակցության նոր փուլ սկսել Հայաստանի կառավարության հետ եւ կուզեին իմանալ, թե ինչ ծրագրեր կարելի է իրականացնել ՃԿՊԱ կարողությունների զարգացման՝ աղետների ռիսկի կառավարման կարողությունների զարգացման ոլորտում:

ՃԿՊԱ ղեկավարությունը ներկայացրեց բուհի նյութատեխնիկական ապահովածության, կրթական ծրագրերի մասին ամփոփ տեղեկություններ եւ ՀԲ ներկայացուցիչներին առաջարկեց օգնել լաբորատորիաների համալրման հարցում՝ օրինակ ՃԿՊԱ «Լուսակերտ» գործնական պարապմունքների կենտրոնում ստեղծել ծխապատ տարածքի լաբորատորիա, մարզահրապարակ, ջրասուզակների վարժանքի հարմարություններ եւ այլն:

Եկող շաբաթ Թաֆադզուա Դուբեն հանդիպելու է ԱԻ նախարարին եւ ոլորտի այլ պաշտոնյաների: Հանդիպումների ավարտին էլ կորոշվի թե որ ուղղություններով եւ ինչ ծրագրեր կիրականացվեն:

Արամ ԶԱՔԱՐՅԱՆ

Լուսանկարները՝ Վահրամ ԱՎՈՅԱՆԻ