Տեղեկացրել էինք, որ Հայաստանի Լոռու եւ Սյունիքի մարզերի 10 համայնքում փետրվարին մեկնարկել է «Աղետների ռիսկի նվազեցման դաշինք» (ALTER) ծրագիրը։

Դեկտեմբերի 3-ից 5-ը Արտակարգ իրավիճակների նախարարությունում եւ Հայաստանի ամերիկյան համալսարանում անցկացվեց  ծրագրի մասնակիցների հանդիպում։ Ամերիկյան համալսարանում ընթացող քննարկումներին ներկա էին Աթենքի ազգային համալսարանի, Կիպրոսի եվրոպական համալսարանի, Ազգային անվտանգության ու պաշպանության կենտրոնի, Եվրոպական հանձնաժողովի եւ Եվրոպական նախաձեռնությունների ներկայացուցիչներ, ինչպես նաեւ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի գործերի կառավարիչ Արտավազդ Հովհաննիսյանը, դասախոսներ Ռուզաննա Ղարիբյանն ու Անի Գեւորգյանը, ավագ մեթոդիստ Հասմիկ Հարությունյանը։

Հանդիպման ընթացքում խոսվեց ծրագրի շրջանակներում տարբեր գործիքների կիրառման, պետություն-մասնավոր գործընկերության միջեւ փոքրածավալ վարժանքների ու դասընթացների անցկացման, երկրաշարժերի մակրոսեյսմիկ էֆեկտների, մեծ պատվարների սեյսմիկ մշտադիտարկման, երկրակեղեւի դեֆորմացիայի դեպքում արբանյակային տեխնոլոգիաների կիրառման, այլ թեմաների մասին։

«Հետաքրքիր էին գործընկեր երկրների մոտեցումներն աղետների ռիսկի նվազեցման ոլորտում։ Եթե Հայաստանում համայնքների հետ աշխատանքային միակ կապող օղակն ԱՌՆԱՊ-ն է, ապա Եվրոպայում նման կառույցները բազմաթիվ են։ Բացի այդ՝ ԱՌՆ միջոցառումներ իրականացնելու համար համայնքները տարեկան բյուջետային հատկացում են ստանում»,- մանրամասնեց Անի Գեւորգյանը։

Նրա խոսքով՝ արտասահմանյան փորձը Հայաստանում ներդնելու համար առաջին հերթին օրենսդրական փոփոխություններ են անհրաժեշտ։ Պետք է հաշվի առնել նաեւ մեր երկրի ռելիեֆի եւ կլիմայի առանձնահատկությունները։  Սա վերաբերում  է հատկապես GIS համակարգի միջոցով ջրամբարների պատվարների արբանյակային մշտադիտարկմանը, ինչի մասին հանդիպման ընթացքում մտահոգություն էին հայտնել Սյունիքի մարզի պղնձամոլիբդենային հանքավայրերի եւ Սպանդարյանի ջրամբարի աշխատակիցները։

Միջոցառմանը մասնակցելու հնարավորություն էին ունեցել նաեւ ուսանողները, այդ թվում՝ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայից։

 

Անի ԱՆՏՈՆՅԱՆ

Լուսանկարները տրամադրել են մասնակիցները