ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի մշակույթի կենտրոնի փոքրիկ դերասաններն այսօր ՀՀ ոստիկանության «Երեխայի զարգացման կենտրոնի» սաների եւ աշխատակիցների համար խաղացին «Աղետիկը» երաժշտական ներկայացումը: Բեմադրության հիմքում ՃԿՊԱ ռեկտոր, փ/ծ գեներալ-մայոր Համլետ Մաթեւոսյանի «Աղետիկը» մանկական բանաստեղծություններն են: Նպատակը՝ «Կրթություն խաղի միջոցով» ձեւաչափով անվտանգության մշակույթի ձեւավորմանը նպաստելը:

ՃԿՊԱ ղեկավարությունը վստահ է, որ անվտանգության մշակույթի ձեւավորումը պետք է սկսել նախադպրոցական տարիքի երեխաներից: Ակադեմիայի ջանքերով ստեղծվել են այդ նպատակին ծառայող տառադարաններ, խոսող տիկիկ, նախադպրոցական տարիքի երեխաների համար ավելի քան 10 գիրք եւ «Աղետիկը» ներկայացումը:

ՀՀ ոստիկանության «Երեխայի զարգացման կենտրոնը» մոտ 160 սան ունի: Կենտրոնի տնօրեն Լուսինե Գալստյանի խոսքով, առաջին անգամն է, որ իրենց սաները փոքրիկ դերասանների խաղ են տեսնում: Երեխաների խաղը հագեցած էր երգուպարով, աղմուկ-աղաղակով, գոռում-գոչյուններով: «Ընտրված է ամենաճիշտ ձեւը, երբ երեխաները հասանելի ձեւով ներկայացնում էին վտանգների մասին տեղեկությունններ: Ցավոք մենք՝ թե մեծ, թե փոքր, անպատրաստ ենք աղետներին: Որոշակի գիտելիքներ ստացանք: Շնորհակալություն», — ասաց Լուսինե Գալստյանը:

«Աղետիկի» հերոսները՝ փրկարար, տանտիկին, բժիշկ եւ այլք, խաղի միջոցով երեխաներին խրատում են հեռու մնալ տան վտանգավոր իրերից՝ կենցաղում օգտագործվող քիմիական նյութեր, մկրատ, գազօջախ եւ էլեկտրական վառարան եւ այլն ու ամփոփում.

«Ինչքան հեռու թե դու մնաք

Այնքան հանգիստ կմեծանաք»:

Ներկայացման ավարտին կենտրոնի տնօրենը կրկնեց «Աղետիկի» պատգամը՝ հեռու մնալ վտանգավոր իրերից: «Արդեն գիտենք», — պատասխանեց «Երեխայի զարգացման կենտրոնի» սաներից մեկը: «Աղետիկը» հասել էր իր նպատակին:

Արամ ԶԱՔԱՐՅԱՆ

Լուսանկարները՝ Վահրամ ԱՎՈՅԱՆԻ

Հ.Գ. «Աղետիկը» առաջին  անգամ խաղացվել է 2016 թվականի մարտին Տավուշի մարզի սահմանամերձ Ազատամուտ գյուղի դպրոցում: Դրանից հետո Երեւանի եւ մարզերի տարբեր հաստատություններում: Մասնավորաբար.

Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղում

«Զատիկ» երեխաների աջակցության  կենտրոնում  եւ Կոտայքի ՍՕՍ մանկական գյուղում

«Կրթություն եւ կարիերա» միջազգային մասնագիտացված ցուցահանդեսի բացմանը