ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի 2018 թվականի հունվարի 18-ի հրամանով հաստատվել է ԱԻՆ ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում փրկարար ծառայողների վերապատրաստման պլանը: Նախատեսված է 24-160 ժամանոց 12 դասընթաց, որոնց կմասնակցի ավելի քան 250 փրկարար: Փրկարարական տեխնիկական միջոցները մշտապես կատարելագործվում են եւ որոնողափրկարարական թիմերի պատրաստվածությունը, փրկարարների գիտելիքները մշտապես համալրելու, կատարելագործելու կարիք կա, աշխատանքների արդյունավետությունը եւ անվտանգությունը բարձրացնելու նպատակով:

Հոկտեմբերի 8-10-ը անցկացվեց «Որոնողափրկարարական հարցերով միջազգային խորհրդատվական խմբի» (The International Search and Rescue Advisory Group` INSARAG) չափանիշներին համապատասխան որակավորման դասընթաց, որին մասնակցում էր 15 փրկարար՝ Տավուշի, Լոռու, Սյունիքի, Շիրակի մարզերի քաղաքային որոնողափրկարարական՝ ՔՈՓ թիմերից եւ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնից՝ ՀՆՓԱԻԿ: Դասընթացի թեման էր «Տեխնիկական որոնում»՝ հետեւյալ ենթաթեմաներով. «Որոնման եղանակներն ու մեթոդները», «Ակուստիկ եւ տեսադիտողական սարքավորումների տեխնիկական հնարավորությունները», «Որոնողական սարքավորումների աշխատանքի կազմակերպման սկզբունքը», «Տեսադիտողական սարքավորումների կիրառումը», «Տեխնիկական որոնման սարքավորումների աշխատանքի սկզբունքներն ու գործնական կիրառումը», «Ակուստիկ եւ օպտիկական էլեկտրոնային սարքերի կիրառումը գիշերային պայմաններում»:Հոկտեբերի 9-ին և 10-ին դասընթացի գործնական մասն էր ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի «Լուսակերտ» գործնական պարապմունքների կենտրոնում:

Դասընթացներն անցկացրել են ակադեմիայի դասախոսներ, փ/ծ գնդապետ Հովհաննես Բադալյանը, փ/ծ մայորներ Սուսաննա Գեւորգյանը, Հայկ Ղազարյանը, Արմեն Ներսիսյանը, փ/ծ լեյտենանտ Անդրանիկ Խաչատրյանը, Արտակ Էլմասակյանը:

Արամ ԶԱՔԱՐՅԱՆ

Լուսանկարները՝ Վահրամ ԱՎՈՅԱՆԻ