Օգոստոսին Սանկտ Պետերբուրգի եւ Մոսկվայի աշխարհագրագետ-երկրաբանների 6 հոգանոց թիմը՝ աշխարհագրական գիտությունների դոկտոր Տատյանա Սապենկոյի գլխավորությամբ, գիտական այց եղել է Հայաստանի Կոտայքի եւ Գեղարքունիքի մարզերի սահմանագլխին՝ Գեղամա լեռների մերձգագաթային սարավանդի վրա, Ակնասար լեռան լանջին գտնվող Ակնա լճում: Լիճը ծովի մակերեւույթից 3030 մետր բարձրության վրա է։ Խմբին ուղեկցում էին կենսաբանական գիտությունների թեկնածու Իվան Գաբրիելյանը, Երեւանի պետական համալսարանի աշխարհագրության եւ երկրաբանության ֆակուլտետի պրոֆեսոր Վլադիմիր Բոյնագրյանը, ԱԻՆ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի ջրափրկարարական ցիկլի պետ, ստորջրյա լող մարզաձեւի սպորտի վարպետ Արտակ Էլմասակյանը, այլ մասնագետներ:
Լճի հատակին՝ 12,5 մետր խորությունից, Արտակ Էլմասակյանը հայտնաբերել է հազվագյուտ կենդանատեսակ՝ մոտ 3 սմ երկարությամբ դեղին վահանախեցգետնիկ, որի սեւ տեսակը հանդիպում է Գեղարքունիքի մարզի Արգինի լեռան վրա գոյացած լճակ-ձկնաբուծարանում։ Սուզորդն արդեն իսկ հնարք է գտել հաջորդ անգամ «մարդամոտ» կենդանուն ուսումնասիրության նպատակով Երեւան տեղափոխելու համար։ «Ակնա լիճը փարթամ բուսականություն ունի, ջուրը զուլալ է, գեղեցիկ գորտեր են կան։ Գիտնականները հատուկ հորատող սարքի միջոցով տարբեր ստորջրյա բուսատեսակների նմուշառումներ կատարեցին։ Կարծում եմ՝ մեր բարձրադիր լճերում բացահայտելու դեռ շատ բան կա»,- նշեց Արտակ Էլմասակյանը՝ այդուհանդերձ խորհուրդ տալով սիրողական սուզումով զբաղվողներին ռիսկի չդիմել, քանի որ ջրում եւ ջրից դուրս մթնոլորտային ճնշման փոփոխությունը կարող է տարբեր հիվանդություններ առաջացնել։ Բացի դրանից՝ գոյություն չունեն Հայաստանի բարձրադիր լճերում անվտանգ սուզման եւ առողջության պահպանման հստակ, հիմնավոր, մասնագիտական հաշվարկներ: Իսկ խորհրդային ջրասուզական չափանիշները, թեպետ կիրառելի են, սակայն ներկայիս որեւէ միջազգային փաստաթղթի պահանջների չեն համապատասխանում։
ՀՀ ԳԱԱ Բուսաբանության ինստիտուտի առաջատար գիտաշխատող Իվան Գաբրիելյանի խոսքով՝ ալպիական գոտում տեղակայված Ակնա լճի բուսականությունը բավական հետաքրքիր է․ այստեղ կարելի է գտնել գաղութներ կազմող մակրոջրիմուռներ, որոնց բարձրությունը հասնում է մինչեւ մեկ մետրի։ Բույսերը հարմարվել են ցուրտ բնակլիմակայան պայմաններին, կարճ վեգետացիա ունեն, ինչը թույլ է տալիս հաջորդ տարի կրկին վերարտադրվել։ Լճի շրջակայքում աճում է բազմամյա ոլոռ, ինչպես նաեւ Կարմիր գրքում գրանցված Վավիլովիա գեղեցիկ բուսատեսակը, որը Հայաստանում հանդիպում է միայն Սեւ սարի, Իշխանսարի եւ Կապուտջուղ լեռան վրա։
Բարձրադիր լճերում գիտական խորջրյա ուսումնասիրություններ մինչ վերջերս չէին արվել։ Մեկնարկը տրված է, մասնագետները խոստանում են նոր բացահայտումներ։
Անի ԱՆՏՈՆՅԱՆ
Լուսանկարները տրամադրել են խմբի անդամները