Այսօր ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում «Վերջին զանգ» էր միջին մասնագիտական կրթական ծրագրով «Կառավարումն արտակարգ իրավիճակներում» մասնագիտության մեջ հմտացած 14 սովորողի համար:

Նախորդ տարիների փորձը վկայում է, որ միջին մասնագիտական կրթական ծրագիրն ավարտածների ավելի քան 90 տոկոսը ուսումը շարունակում է ակադեմիայի բակալավրի կրթական ծրագրում: Բայց մինչ այդ, նախ ամփոփում են երեք տարվա ուսումը, շնորհակալություն հայտնում դասախոսներին, հիշում ուրախ ու տխուր օրերը: Տարիների ընթացքում հիշվում է միայն լավը: Հիշելու են, որ սամբո եւ ձյուդո մարզաձեւերից 45 մեդալ նվաճած Էրիկ-Գոռ Համզոյանին «Վերջին զանգի» առիթով «Կուրսի դեմք» պարգեւ տվեցին: Իսկ Աշոտ Սարգսյանին, որը «17 տարեկանում իրեն պապիկի տեղ է դրել», «Կուրսի փիլիսոփա» պարգեւ տվեցին:«Կուրսի միակ զինվոր», «Կուրսի ալարկոտ-դինջ», «Կուրսի փայլուն ուղեղ»,  «Կուրսի միշտ սիրահարված», «Կուրսի մուննաթ», «Կուրսի թիթիզ-գլամուր», «Կուրսի ուտող-խմող», եւ այլ պարգեւներ տվեցին մնացածին: Պարգեւները հիմնավորեցին, ծիծաղեցին, երգեցին, պարեցին ու պահը դարձավ հերթական ուրախ հուշը:

Վերջում ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի ռեկտոր, փ/ծ գեներալ-մայոր Համլետ Մաթեւոսյանը պատգամեց. շարունակեք ուսումը, որտեղ էլ որ կլինի, սովորեք ողջ կյանքում:

Արամ ԶԱՔԱՐՅԱՆ

Լուսանկարները՝ Վահրամ ԱՎՈՅԱՆԻ