ԱԻՆ փրկարար ծառայության ծառայողների ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում վերապատրաստումների ժամանակացույցի համաձայն, ապրիլի 17-19-ը ժամանակահատվածում ԱԻՆ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում վերապատրաստվեցին հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի, Լոռու, Տավուշի, Սյունիքի, Շիրակի մարզերի քաղաքային որոնողափրկարարական՝ ՔՈՓ արագ արձագանքման թիմերի թիկունքային ապահովման հարցերի պատասխանատուները՝ ընդամենը 15 հոգի:

Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի փրկարարական ֆակուլտետի դեկան, փ/ծ գնդապետ Գեւորգ Հովակիմյանի խոսքով, դասընթացների առաջին երկու օրը տեսական դասեր են, վերջին՝ երրորդ օրը՝ գործնական վարժություններ՝ ակադեմիայի «Լուսակերտ» գործնական պարապմունքների կենտրոնում: Դասընթացի թեմաներն են. ՔՈՓ թիմի գործողությունների ճամբարի կազմակերպում, սանիտարահիգենիկ պայմանների ապահովում, վառելիքաքսուկային նյութերի ապահովում, հաշվառում, գույքի պահպանում եւ կառավարում, սննդի եւ ջրի ապահովում, անհատական գույքի, ուսապարկերի կոպմլեկտավորում, վրանների տեղադրում:

Վերապատրաստման դասընթացը եւ արդյունքների ամփոփումը որոնողափրկարարական հարցերով միջազգային խորհրդատվական խմբի՝ (international search and rescue advisory group` INSARAG) չափանիշներով է:

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանի՝ այս տարվա հունվարի 18-ի թիվ 40 հրամանով 2018 թվականին ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում կվերապատրաստվի փրկարար ծառայության 250 ծառայող:

 

Արամ ԶԱՔԱՐՅԱՆ

Լուսանկարները՝ Վահրամ ԱՎՈՅԱՆԻ