ՀՀ ներքին գործերի նախարարության Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի «Ճգնաժամային կառավարման» ամբիոնի դասախոս Անի Գեւորգյանի նախաձեռնությամբ, այսօր միջին մասնագիտական կրթական ծրագրի «Կառավարումն արտակարգ իրավիւճակներում» մասնագիտության երկրորդ կուրսի ուսանողները «Կրթություն խաղի միջոցով» ձեւաչափով խաղարկեցին «Երկրաշարժ Կոտայքի մարզում» սցենարը:

Ըստ սցենարի, Կոտայքում (էպիկենտրոնը՝ Գառնի գյուղ) գրանցվել է 9-10 բալ ուժգնությամբ երկրաշարժ, որից տուժել է առավելապես Կոտայքը, բայց նաեւ՝ մայրաքաղաք Երեւանը եւ այլ մարզեր՝ Արարատ, Արագածոտն եւ այլն:

ՆԳՆ փրկարար ծառայության 911 ահազանգման կենտրոնը բազմաթիվ կանչեր էր ստանում: Տեսնելու բան էր, թե ինչպես էին 911-ի օպերատորի դերի մեջ մտած ուսանողները շատ արագ ճշտում զանգահարողի տեղը, տուժածների քանակը, իրավիճակը եւ տալիս առաջին եւ խիստ կարեւոր հրահանգը. խուճապի չմատնվել, սպասել փրկարարներին:

Ուսանողները հավաքել եւ ամբողջացրել էին արագ արձագանքման համար անհրաժեշտ ողջ տեղեկությունը՝ քանի բնակելի, հասարակական, արտադրական շենք-շինություն է փլվել, քանիսը՝ վնասվել, զոհերի, տուժածների, անօթեւան մնացածների, ծնողներին կորցրած երեխաների եւ առանց խնամքի մնացած տարեցների քանակը եւ այլն: Նաեւ հստակ արձանագրել էին, թե որտեղ պետք է տեղավորվեն վերը նշված մարդիկ:

Իսկ խուճապի չմատնվելու կարեւորության մասին ուսանողները խոսեցին նաեւ խաղի վերջում. խուճապի չմատնվելը պարզապես անհրաժեշտ է, որ ճիշտ վարք դրսեւորես, իրավիճակը գնահատես, իմացածդ անես, սխալ քայլերով չվնասես ինքդ քեզ կամ ուրիշների:

«Կառավարման խաղեր» ձեւաչափով դասեր կազմակերպվում են ՃԿՊԱ բակալավրի կրթական ծրագրում, միջին մասնագիտական կրթական ծրագրում սա առաջին փորձն էր: Չի բացառվում, որ նման եւս մի քանի «փորձարկումներից» հետո ձեւաչափը ներդրվի նաեւ միջին մասնագիտական կրթական ծրագրում:

Անի Գեւորգյանի նախաձեռնությամբ կազմակերպված երկրորդ բաց դասի գլխավոր հերոսները ՃԿՊԱ բակալավրի կրթական ծրագրի «Ճգնաժամային կառավարում» մասնագիտության չորրորդ կուրսի ուսանողներն էին: Թեման՝ հրամանատարաշտաբային ուսումնավարժություն՝ «Քաղաքացիական պաշտպանության միջոցառումների կազմակերպումն ու իրականացումը մարզի քաղաքացիական պաշտպանության համակարգի պատրաստականության բերման եւ հակառակորդի հարձակումից հետո»: Ուսանողներն ընտրել էին Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքը:

Ըստ սցենարի, հակառակորդը հարձակվել էր հրետանիով, անօդաչուներով, տուժել էին համայնքի էլեկտրաենթակայանը, դպրոցը, կային վիրավորներ: Ապագա ճգնաժամային կառավարիչները ներկայացրեցին նախապատրաստական աշխատանքների ողջ շղթան՝ խմբային պարապմունքներ, հրահանգավորում, իրազեկում եւ այլն: Նաեւ ցանկալի արդյունքների հասնելու քայլերը՝ քաղաքացիական պաշտպանության ուժերի մշտական պատրաստություն, գույքի ստուգում եւ այլն:

Վերջում ներկայացվեցին ուսումնավարժությունից քաղված դասերը՝ մասնավորաբար՝ պետք է մշտապես նկատի ունենալ, մշակել տարհանման այլընտրանքային ուղիներ, ազդարարման այլընտրանքային եւ լրացուցիչ միջոցներ եւ այլն: