Ուսանողների միջազգային օրվան՝ նոյեմբերի 17-ին ընդառաջ նոյեմբերի 16-ին,  ներքին գործերի նախարարության Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում անցկացվեց բազկամարտի ներբուհական առաջնություն, որին մասնակցում էր մոտ 30 ուսանող բակալավրի եւ միջին մասնագիտական կրթական ծրագրերից: Միջոցառումը նախաձեռնել էին ՃԿՊԱ մասնագիտական կողմնորոշման եւ կարիերայի ուղղորդման կենտրոնը, «Ֆիզիկական դաստիարակություն» առարկայի դասախոսներ Աննա Նասիլյանն ու Յուրի Սաքունցը, «Նինջա-կան» մարտարվեստի ֆեդերացիան։

50 կգ քաշային կարգում մրցանակային տեղերը զբաղեցրին Նարեկ Գրիգորյանն ու Նարեկ Դավթյանը, 60 կգ քաշային կարգում՝ Հայկ Նազարյանը, Դավիթ Հարությունյանն ու Հայկ Դավթյանը, 70 կգ քաշակին կարգում՝ Գագիկ Միրզոյանը, Վալերի Ղուկասյանը եւ Բագրատ Գեւորգյանը, 80 կգ քաշային կարգում՝ Գեորգի Հարությունյանը, Ալեքսանդր Նազարյանը եւ Գոռ Մովսիսյանը, 90 կգ քաշային կարգում՝ Տիգրան Մկրտչյանը եւ Սարգիս Մարգարյանը։

Մանկավարժական գիտությունների թեկնածու, փրկարարական ամբիոնի դոցենտ Աննա Նասիլյանի խոսքով՝ ակադեմիայում բազկամարտի մրցաշար անցկացվում է արդեն երկրորդ անգամ, այս տարի մասնակիցների թիվն ավելացել է։ Հատկապես ոգեւորված էին առաջին կուրսի ուսանողները։ «Ունենք պրոֆեսիոնալ մարզիկներ, որոնք տարբեր սպորտաձեւերում հաջողություններ ունեն, ունենք նաեւ ուժեղ աղջիկներ, որոնք, ցավոք, որոշ չափով կոմպլեքսավորվում են մասնակցել բուհական մրցումներին։ Մյուսների դեպքում, եթե պոտենցիալ եմ տեսնում, անպայման ուղղորդում եմ ու խորհուրդներ տալիս»,- ասաց Աննա Նասիլյանը։

Առաջնության մրցավար, ուժային եռամարտի աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոն, բռնցքամարտի բազմակի մեդալակիր, Գինեսի ռեկորդակիր եւ «Սաքունց համաշխարհային ռեկորդներ» կազմակերպության ղեկավար Յուրի Սաքունցը նկատեց՝ տղաները բավականին պատրաստված էին։ Կարելի է հետագայում նաեւ միջբուհական մրցումներ կազմակերպել։ Ակադեմիան կարող է լավ հարթակ դառնալ դրա համար։

«Նինջա-կան» մարտարվեստի ֆեդերացիայի նախագահ Վլադիմիր Դաշյանը պարգեւատրեց հաղթողներին՝ նշելով, որ իրենց հիմնական նպատակը սպորտի խթանումն է։ Եթե ցանկացողներ լինեն պրոֆեսիոնալ սպորտով զբաղվելու, կարող են դիմել։

 

Անի ԱՆՏՈՆՅԱՆ

Լուսանկարները՝ հեղինակի